Հայ-վրացական ծեծկռտուք Էստոնիայում. դիվանագետները չեն կիսել ֆուտբոլային գավաթը

«Դիվանագիտական» ֆուտբոլիստների երկրպագուները դաշտ են մտել հայ խաղացողի դեմ կոպիտ սխալից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Էստոնիայում Diplomat Cup բարեգործական ամենամյա ֆուտբոլային մրցաշարի ժամանակ Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները ծեծել են իրար, գրում է Sputnik Էստոնիան։

Հայ–ադրբեջանական խառնաշփոթ կամ ինչու են «յուղ լցնում» արցախյան դոշաբի մեջ

Հայ դիվանագետները ¼ եզրափակիչ փուլում հաղթել են Մոլդովային։ Մոլդովական հավաքականն առույգ է սկսել խաղը, բայց Հայաստանը կարողացել է 0։2 հաշիվը դարձնել 5։2։ Կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ հաղթելով Էստոնիայի Ցենտրիստական կուսակցությանը՝ նրանք հասել են եզրափակիչ։ Եզրափակիչ են դուրս եկել նաև վրացիները, և կովկասյան որոշիչ դիմակայությունն իսկապես դաժան է եղել. ինչպես մեկ տարի առաջ, այս անգամ նույնպես ծեծկռտուք է սկսվել։

Հայաստանի խաղացողի դեմ կոպիտ սխալը հանգեցրել է նրան, որ նույնիսկ երկու թիմերի երկրպագուները նետվել են խաղահրապարակ։ Երկու թիմերի խաղացողներին տրված կարմիր քարտերը հանդարտեցրել են կրքերը, իսկ Վրաստանը, որն այդ պահին 1։0 հաշվով առաջատար է եղել, տուգանային հարվածի հետևանքով գնդակ է ընդունել սեփական դարպասը։

Արդյունքում հաղթողին որոշել է խաղից հետո 11-մետրանոցների շարքը։ Խաղացողները իրացրել են հարվածները մինչև առաջին բացթողումը, և միայն հինգերորդ հարվածի ժամանակ հայ ֆուտբոլիստը սխալվել է։ Նրա վրացի մրցակիցը դիպուկ է եղել, և ամեն տարի Դիվանագետների գավաթի հաղթողի կոչմանը ձգտող Վրաստանը վերջապես իրականություն է դարձրել իր երազանքը։