Հայաստանում բանտերի ղեկավարների բռնապետությունը կվերանա

Կալանավայրերում պետք է բարելավել բուժման որակը։ 11 բանտերում այդ գործը կիրականացնեն ԵՄ–ի աջակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Առողջապահության ծառայությունն ամբողջովին դուրս է գալու քրեական ծառայության ենթակայությունից և ենթարկվելու է ուղղակիորեն արդարադատության նախարարությանը: Այս մասին կառավարության մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Առաջարկված փոփոխությունների համաձայն` հենց բժիշկներն են որոշելու կալանավորին բուժման ուղարկել, թե ոչ։ Սակայն կալանավայրերի բժիշկներին առաջվա պես ղեկավարելու է Արդարադատության նախարարությունը, ոչ թե Առողջապահության նախարարությունը։

«Առողջապահությունը և արդարադատությունը երկու տարբեր համակարգեր են, սկսում են բախումներ առաջանալ, ինչից հանրությունը չի շահում: Դրա համար գտնվեց միջանկյալ լուծում: Ընդհանուր պատասխանատվություն կրելով և՛ քրեական հաստատությունների, և՛ դատապարտվածների առողջության համար` կարողանալու ենք բալանսավորել այդ երկու կառույցը` թույլ չտալով ներքին բախումներ», — հայտնեց Հարությունյանը։

Միևնույն ժամանակ պետք է բարելավել նաև բուժման որակը. վերազինել բանտերի բուժկետերը և «Դատապարտյալների հիվանդանոցը»։

«Իհարկե, բավական ծախսատար է, սակայն պետք է աստիճանաբար լուծել», — ասաց նախարարը։

Մասնավորապես, 11 բանտերում բժշկական սարքավորումները կարդիականացվեն ԵՄ-ի աջակցությամբ։