Եվրոպայում սաստիկ սառնամանիքներ կլինեն. իսկ ի՞նչ կկատարվի Հայաստանում

Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25–ից -30 աստիճանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Արկտիկական ցուրտ օդային հոսանքներն արևմտյան Սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա` հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ըստ կանխատեսումների` Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի —25–ից —30 աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։

«Հայաստանն այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում»,- նշել է Սուրենյանը։

Նրա խոսքով` հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով։