Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երևանում: 2004 թվականից բնակվում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում: Մարզական կարիերայի ընթացքում Արթուրը մասնակցել է 41 մենամարտի, որոնցից 37-ում հաղթել է' համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) նա ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:
Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` Հայաստանի անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար):
Վերջերս անվանի բռնցքամարտիկը հայտարարել էր, որ մտադիր է ավարտել բռնցքամարտիկի կարիերան։
«Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով»,- ասել էր մարզիկը: