Սուսերամարտիկ Յանա Եգորյանը զարմացրել է հայերենի իմացությամբ

Օլիմպիական չեմպիոնի բաժանորդները ուրախացել են` դիտելով Յանա Եգորյանի զվարճալի տեսանյութը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Օլիմպիական կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը փորձել է արտասանել «շրիշակ» (плинтус) բառի հումորային տարբերակը` հատակապատաճեղքախցկիչ։

Տեսահոլովակը նկարահանված է Հայաստանում։ Նախորդ տարի Յանան պատմական հայրենիք էր եկել, իսկ հիմա որոշել է հրապարակել այս զվարճալի տեսանյութը։

 

Մարզիկի բաժանորդները միանգամից արձագանքել են հրապարակմանը հետևյալ մեկնաբանություններով. «Ես հայերենով գիտեմ միայն «Ես սիրում եմ քեզ», «Դրա համար են բոլոր հայերը «պլինտուս» ասում», «Թեև հայ եմ, բայց չգիտեի, որ շրիշակին կարելի է նաև այդպես ասել»։

Որոշ բաժանորդները գովել են սուսերամարտիկին` նշելով, որ նրա մոտ լավ է ստացվում, հաշվի առնելով, որ նա հայերենին չի տիրապետում։

Հիշեցնենք, որ Եգորյանը սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի մարզիկ է, որը ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։ Հոկտեմբերի կեսին նա իր պատմական հայրենիքում էր և նախատեսում է առաջիկայում կրկին գալ։