ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Ռուս կոմպոզիտոր, պրոդյուսեր ու երգիչ Մաքսիմ Ֆադեևը Instagram-ի իր էջում նոր նկար է հրապարակել` Երևանից ողջույններով։
Լուսանկարում «Կասկադի» վերևում կանգնած երիտասարդների մի խումբ «Երգեր» նոր նախագծի դրոշն են պարզել։
Գաղափարի հեղինակը Էդուրադ Եսայանն է` Մաքսիմ Ֆադեևի պրոդյուսերական կենտրոնի գովազդի տնօրենը։
"#MALFAFAMILY–ին պարզել է մեր դրոշը Երևանի ամենաբարձր կետում։ Այնտեղից հիանալի երևում է ամբողջ քաղաքը։ Հիմա այս դրոշը մեր թիմի հետ ճամփորդելու է տարբեր երկրներով ու քաղաքներով, ու հնարավոր է` մինչ տարվա վերջ այն ամբողջ աշխարհով անցած լինի», – մեկնաբանել է լուսանկարը Ֆադեևը։
Բաժանորդները ակտիվորեն արձագանքել են հրապարակմանը։
«Ուռա, հուսով սպասում ենք», «Գիշերային քաղաքի լույսերը դյութիչ են։ Երևանը հիասքանչ է», «Բոլորդ պայմանավորվե՞լ եք միաժամանակ Երևանից ջերմ լուսանկարներ հրապարակել։ Ուզում եմ», «Գիշերային Երևանը Կասկադի բարձրունքից հիանալի է։ Ընտիր գաղափար է», – գրել են բաժանորդները։
Շատերը մեծ սիրով սկսել են Երևան հրավիրել երաժշտին, որն ի դեպ, 90–ականներին ու 2000–ականներին Հայաստանում բազում սիրելի հիթերի հեղինակն է։
«Երգեր» ("Песни") նախագծում Ռուսաստանի երկու ամենահեղինակավոր պրոդյուսերները` Մաքսիմ Ֆադեևն ու Տիմատին, կփորձեն տաղանդավոր երգիչներ գտնել ու նրանց իսկական աստղեր դարձնել։ Նախագծի հեղինակները հավաստիացնում են` Ռուսաստանում այն եզակի է, քանի որ նախագիծը կարող է նոր շոու բիզնես ձևավորել։