Արցախի վերաբերյալ Հասանովի «կանխագուշակումը»․ պատերա՞զմ, թե՞ շարքային արտահայտություն

Ադրբեջանը փորձում է ռազմական տեխնիկայի հաշվին առաջ անցնել հայերի մոտիվացիայից և կազմակերպվածությունից, ինչը 2016թ-ի ապրիլին չհաջողվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Ադրբեջանն առայժմ պատրաստ չէ ռազմական գործողությունների, նա զարգացնում է ռազմատեխնիկական ներուժը, Sputnik Արմենիային ասաց Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոն։

Փետրվարի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցով Եվրամիության հատուկ բանագնաց Թոյվո Կլաարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Արցախում զինված բանակները շփման գծում կանգնած են միմյանց դեմ, և չի բացառվում ցանկացած պահին պատերազմը վերսկսելու հավանականությունը։

«Ես լիովին համաձայն եմ, որ իրավիճակը շատ լարված է։ Իմ պատկերացմամբ` կա երկու գործոն, որոնք կարող են ռազմական գործողությունների թրիգեր կամ կատալիզատոր դառնալ», — ասաց Մակիենկոն։

Առաջին դեպքում ադրբեջանցիները կարող են զգալ, որ իրենք ռազմատեխնիկական առումով գերազանցում են Արցախի Պաշտպանության բանակին։

«Նրանք արդեն փորձել են 2016թ-ի ապրիլին։ Կարծում եմ, որ այդ ժամանակ նրանք բավարարված չեն մնացել, որովհետև հատուկ նշանակության ուժերը մեծ կորուստներ են կրել։ Իհարկե, կորուստների հարաբերակցությունը խիստ հիասթափեցրել է նրանց», — ասաց Մակիենկոն և հավելեց, որ ադրբեջանցիները երկար են նախապատրաստել իրենց հատուկ նշանակության ջոկատը, իսկ այն շատ լուրջ կորուստներ է կրել։

Հայաստանի մյունխենյան ուղերձը․ ո՞րն է Երևանի ու Բաքվի իմիջի տարբերությունը

«Ադրբեջանը կրկին կփորձի, երբ զգա, որ բավականաչափ ռազմատեխնիկական գերազանցություն ունի, որպեսզի փոխհատուցի հայկական ուժերի կազմակերպչական առավելությունը և ավելի բարձր մոտիվացիան։ Բայց դա զգալը բարդ է», — ասաց Մակիենկոն։

Երկրորդ պատճառ կարող է լինել Ադրբեջանում սկսված ներքաղաքական շարժումը։

«Որքան հասկանում եմ, սոցիալ-տնտեսական իրավիճակն այնտեղ բավական լարված է։ Դա աշխարհում ընդունված, բազմաթիվ անգամներ փորձված միջոց է՝ ներքին լարվածությունն ուղղել արտաքին թշնամու կողմ», — ասաց Մակիենկոն։

Ռազմական փորձագետ Վլադիսլավ Շուրիգինն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Հասանովի հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, շարքային արտահայտություն է եղել։

«Կարծում եմ, որ դա շարքային արտահայտություն է։ Այդ բանակները դեմ-դիմաց կանգնած են արդեն 27 տարի, և առայժմ ոչ մի մեծ պատերազմ չկա», — ասաց Շուրիգինը։

Նրա խոսքով՝ հակամարտության կողմերը պատրաստ չեն Արցախում ռազմական գործողությունների, դա վերաբերում է թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։

«Հազիվ թե Ադրբեջանն առաջիկայում պատրաստ լինի։ Բայց, իհարկե, այդ գաղափարից ամեն դեպքում չի հրաժարվի», — ասաց Շուրիգինը։

Նշենք, որ հատուկ ներկայացուցիչ Կլաարը Հասանովի հետ հանդիպման ժամանակ նշել է հակամարտության շուտափույթ և խաղաղ լուծման կարևորությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։ Նա նշել է, որ Եվրամիությունը բանակցությունները շարունակելու կողմնակից է։