ՌԱԴԻՈ

Ախոյան. «Աթեշյանը`որպես մատաղացու գառ, գնաց, ընկավ թուրքական իշխանության ոտքերը»

Հայաստանի տասնյակ քաղաքացիներ ու հասարակական կազմակերպությունների անդամներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Էջմիածնում` Մայր Աթոռի բակում։ Ակցիայի մանրամասները Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմել է Արագած Ախոյանը։
Sputnik
Արագած Ախոյան

Մայր Աթոռում այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի օրակարգում ի թիվս ներեկեղեցական այլ հարցերի, քննարկվելու են նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրները։ Ժողովին զուգահեռ բակում հավաքվել էին տասնյակ ՀՀ քաղաքացիներ, որոնք իրենց բողոքն էին փորձում հասցնել Պոլսի հայոց պատրիարքության նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքի։

Ակցիային մասնակցում էր նաև «Վերածնունդ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը։

«Մենք մեր բողոքի նամակը հանձնեցինք Մայր Աթոռի ներկայացուցիչներին։ Նրանք էլ էին համաձայն, որ կատարվածն իսկապես ամոթ էր հայության համար։ Տեղապահի աթոռը բռնազավթած Աթեշյանը, թռչելով եկեղեցական ամբողջ կանոնակարգի վրայով, նորից ամեն գնով ժամանակավորապես տիրացավ այդ պաշտոնին»,- ասաց Ախոյանը։

Ախոյանի խոսքով` Աթեշյանն իր վերադարձով հարցականի տակ է դրել անգամ 1915թ-ին թուրքերի ձեռքով նահատակված և սրբադասված 1.5 մլն հայ նահատակներին։

Մայր Աթոռում բողոքի ակցիայի մասնակիցներին խոստացել են մի քանի օր անց պատասխանել, թե ինչ է որոշվել և ինչ միջոցներ է պատրաստվում ձեռնարկել Հայ առաքելական եկեղեցին։