Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Անվերջ հերթեր, գոհ ու երջանիկ գնորդներ… այսպիսի տեսարան կարելի է տեսնել գրեթե բոլոր գրախանութների մոտ։ Երիտասարդ տղաներն ու աղջիկները գրքեր են ընտրում ոչ միայն ընկերների, այլև իրենց համար։
«Դեռ չեմ կարդացել Դանթեի «Աստվածային կատակերգությունը»։ Որոշեցի ինքս ինձ նվեր անել` հատկապես այս տոնի կապակցությամբ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարիաննա Ստեփանյանը։
«Էքզիստենցիալիզմի սիրահար եմ։ Ընկերներիս նվիրելու եմ արաբ գրող Հալիլ Ջեբրանի «Խենթը» գիրքը», — Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Նանեն։
«Վերջին երկու տարիներին Հայաստանում գրքային զարթոնք է։ Ուրախալի է, որ գրքերի հանդեպ առաձնահատուկ հետաքրքրություն են դրսևորում երիտասարդները», — ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ գնորդները գիտակցորեն և մանրակրկիտ են ընտրում ստեղծագործություններն ու դրանց հեղինակներին։ Ավագ սերունդն ավելի պահպանողական է` դասականներին է նախընտրում, երիտասարդները` ժամանակակից հեղինակներին, հիմնականում նոբելյան մրցանակակիրներին։
Մեծ պահանջարկ են վայելում Գուրգեն Խանջյանի ու Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունները։ Արտասահմանյան գրողներից պահանջարկված են թուրք գրող Օրհան Փամուքը, աֆղանական ծագում ունեցող ամերիկաբնակ գրող Հալեդ Հոսեյնին, ֆրանսիացի արձակագիր Ալբեր Քամյուն, բրիտանացի գրող ու հրապարակախոս Ջորջ Օրուելը և այլն։ Այսօրվա ամենամեծ պահանջարկ ունեցող գրքերից է Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր Ֆեռարին»։
Ի՞նչ է նախընտրում նախագահը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցել է գրքային ֆլեշմոբին ու գրախանութների ներկայացուցիչներին ու հրատարակչատների տնօրեններին նվիրել է բրիտանցի գրող, պատմաբան Նիալ Ֆերգյուսոնի հեղինակած «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արևմուտքը մնացած աշխարհից» գիրքը։
Երկրի նախագահի հետ հանդիպմանը հրատարակիչները նույնպես դատարկ ձեռքով չէին ներկայացել. նրանք Սերժ Սարգսյանին մի քանի գիրք նվիրեցին` հայ արվեստի պատմություն, գիտելիքների հանրագիտարան, ավստրիացի գրող Ռոբերտ Մուզիլի «Մարդը առանց հատկությունների» գիրքը։
Հանդիպման ժամանակ նրանք նաև անդրադարձան գրատպության մի շարք խնդիրների։ Հրատարակիչները նախագահին հստակ առաջարկություններ արեցին, և Սերժ Սարգսյանը խոստացավ լուծել դրանք։
Կարդա՞լ, թե չկարդալ
Լրագրողների հետ զրույցում «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ Հայաստանում ամենաշատ պահանջարկված է մանկական գրականությունը։ Այստեղ ծնողները դեռ փոքրուց երեխաներին կարդալ են սովորեցնում։ Երկրորդ տեղում գեղարվեստական գրականությունն է։
«Փորձը ցույց է տալիս` որքան ավելի կայուն է երկրի ներքաղաքական վիճակը, այնքան ավելի շատ են մարդիկ կարդում», — ասաց Վարդանյանը։
Նա համոզված է, որ գրքերի տարածմանը չի խոչընդոտում նույնիսկ համացանցը։ Ամբողջ աշխարհում էլեկտրոնային գրքերը քիչ պահանջարկ ունեն։ Մարդիկ այդ հարցում հետևողական են և հենց տպագիր գրքերն են նախընտրում։
Պատահական չէ, որ Հայաստանում գիրք նվիրելու օրը հենց այսօր են նշում։ 1869 թվականի փետրվարի 19-ին է ծնվել հայ մեծանուն գրող ու բանաստեղծ, խոշոր հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը։ Մայրաքաղաքում այդ առթիվ մի շարք միջոցառումներ են անցկացվում։