ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Mash ալիքը գրում է, որ Մերձմոսկովյան շրջանի Ռոմաշկովո համալիրի բնակիչներին վախեցրել են ստորգետնյա կայանատեղիում կանգնած Land Rover մակնիշի անհայտ ավտոմեքենայից լսվող ձայները։
Բնակիչները նկատել են, որ ավտոմեքենան արդեն մի քանի օր կանգնած է կայանատեղիում։ Ինչ-որ մեկը լուր է տարածել, թե մեքենայում ինչ-որ բան է տկտկում, և պետք է շտապ միջոցներ ձեռնարկել այդ ձայների պատճառները պարզելու համար։
Բնակիչները նախ որոշել են կոտրել մեքենայի ապակիները և ծակել անվադողները։ Ի վերջո, բանականությունը հաղթել է, և բնակիչները ոստիկանություն են կանչել։
Ոստիկանության աշխատակիցները զննել են ավտոմեքենան (այդ պահին ձայները դադարել են) և պարզել, որ այն պատկանում է «Լուկոյլի» նախկին փոխնախագահ Ջևան Չելոյանցին։
«Զանգել են ավտոմեքենայի տիրոջը, և նա գիշերվա ժամը երեքին վարորդների հետ եկել է դեպքի վայր, ներողություն խնդրել բնակիչներից, ասել, որ պարզապես շփոթել է կայանատեղին և հեռացել», — գրում է պարբերականը։
Ոչ ոք այդպես էլ չի հասկացել, թե ինչ ձայներ էին լսվում մեքենայից։
Չելոյանցը նաև հայկական «Բանանց» ֆուտբոլային ակումբի բաժնետերերից է։