«Դու ես հաղթելու» բախտորոշ արտահայտությունն ու լուսանկարը. ինչպես Ֆուրկադը դարձավ չեմպիոն

Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը պատմում է, թե ինչպես Փհենչհանում կանխատեսեց բիաթլոնի չեմպիոնի անունը և այդ մասին ասաց անձամբ նրան։
Sputnik

Փետրվարի 18-ին ֆրանսիացի բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը Փհենչհանում նվաճեց իր երկրորդ ոսկե մեդալը և դարձավ օլիմպիական խաղերի քառակի մեդալակիր: Միաժամանակ տղամարդկանց 15կմ մրցատարածությունում հաղթողին որոշեց վերջնագծի լուսանկարը:

Փհենչհանում գտել են Պյեր դե Կուբերտենի՝ օլիմպիական խաղերի հիմնադրի նմանակին

Պարզվեց, որ Ֆուրկադի դահուկը 44 հարյուրերորդական վայրկյան ավելի շուտ է հասել վերջնագծին, քան արծաթե մեդալի արժանացած գերմանացի Սիմոն Շեմպինը: Իսկ մրցանակային եռյակը եզրափակեց նորվեգացի Էմիլ Հեգլե Սվենդսենը:

Մրցումների մեկնարկից առաջ Մարտեն Ֆուրկադին հանդիպեցի, երբ ֆրանսիացին վերջնական ստուգման էր տվել իր հրացանը: Զենքը ստուգելուց հետո նրան ասացի, որ ինքն է ոսկե մեդալի արժանանալու: Ֆրանսիացին բազմանշանակ ժպտաց, բայց ոչինչ չասաց ու հեռացավ:

Փհենչհանի օլիմպիական խաղերի բիաթլոնի մրցումներում արդեն բազմաթիվ անակնկալներ են գրանցվել: Չէր բացառվում, որ այս մրցմանն էլ կարող էր նոր անակնկալ լինել: Ու առաջին իսկ կրակահերթին եղավ: Հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը համարվող Մարտեն Ֆուրկադը վրիպեց, իսկ հիմնական մրցակից նորվեգացի Յոհանես Բյոն դարձավ առաջատար:

1 / 4
Մարտեն Ֆուրկադ
2 / 4
Մարտեն Ֆուրկադ
3 / 4
Մարտեն Ֆուրկադ
4 / 4
Մարտեն Ֆուրկադ

Երկրորդ կրակահերթից առաջ Ֆուրկադը մրցուղու վրա ընկավ, բայց կարողացավ արագ ոտքի կանգնել ու շարունակել մրցումը: Իսկ երկրորդ կրակահերթում վրիպելու հերթն արդեն Յոհանես Բյոինն էր: Նորվեգացին վրիպեց երեք անգամ, ու անմիջապես Կորեայում արդեն օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճած Բյոն դուրս մնաց պայքարից: Ֆուրկադը ստանձնեց առաջատարի դերն ու մինչև վերջ այն չզիջեց ոչ մեկի, ճիշտ է` վերջին մետրերին ոսկու համար նրա հետ հավասար պայքար էր մղում նաև Սիմոն Շեմպը:

Հաղթանակից հետո մրցանակակիրները ժամանեցին ասուլիսների սրահ, ու Մարտեն Ֆուրկադի հայացքից հասկացա, որ չի մոռացել իմ ասածը: Ֆրանսիացու թեթև ժպիտը երևի նշանակում էր, որ այդպես էլ պետք է լիներ. ինքը պետք է հաղթեր: Իսկ ասուլիսի ավարտից հետո Մարտենը չմերժեց խնդրանքս, լուսանկարվեց ինձ հետ ու ինքնագիր տվեց:

Բիաթլոնում օլիմպիական խաղերի ոսկե մեդալների թվով ռեկորդակիրը շարունակում է մնալ նորվեգացի հանրահայտ Ուլո Էյնար Բյորնդալենը, որն ունի օլիմպիական ութ հաղթանակ, ընդ որում` վերջինը գրանցել է 2014 թվականին 40 տարեկանում: Ֆուրկադն այս պահին ունի արդեն չորս ոսկե մեդալ, բայց 29 տարեկան է: Չի բացառվում, որ նա կարող է նախ կրկնել, ապա, ինչու ոչ, գերազանցել այդ ռեկորդը: Համենայնդեպս, եթե ֆրանսիացին պահպանի իր հասարակ ու հաղթական ժպիտը մրցուղուց դուրս, արագությունն ու դիպուկությունը մրցումների ժամանակ, ամեն ինչ էլ հնարավոր է: Իսկ ես շնորհակալ եմ ֆրանսիացում ինձ հետ լուսանկարվելու համար: