ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Էլեկտրոնային արժույթի կիրառման ոլորտի իրավական կարգավորումը տնտեսագետ Ատոմ Մարգարյանն անիմաստ է համարում։ Այս մասին նա ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով ԱԺ «Ելք» խմբակցության «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենսդրական նախաձեռնությունը։
«Էլեկտրոնային փողերի կամ տվյալ դեպքում` կրիպտոարժույթի ոլորտը` մեծ ռիսկերով, վերելքներով, վայրէջքներով, կենսունակ է հենց նրանով, որ չի ենթարկվում որևէ կարգավորման»,- ասաց Մարգարյանը։
«Ելք»-ը նաև հայտարարել է, որ Հայաստանում այս ոլորտում ևս մոնոպոլիաներ են ստեղծվել։ Ատոմ Մարգարյանն այս պնդումն անիրատեսական է համարում։
«Դա այն չէ, որ ինչ-որ մեկը կարող է շաքարավազի գինը բարձրացնել ու գերշահույթներ ստանալ»,- ասում է Ատոմ Մարգարյանը` հավելելով, որ դաշտն արդեն իսկ ազատական է և էլ ավելի ազատականացման կարիք չունի։
Ինչ վերաբերում է մինչև 2023թ-ը ոլորտը հարկերից ազատելու «Ելքի» առաջարկին, Ատոմ Մարգարյանի կարծիքով նախաձեռնության հեղինակները պատկերացնում չունեն բլոքչեյն տեխնոլոգիաների մասին։ «Այդ տեխոլոգիաներն ինքնակարգավորվող են։ Դա նույնն է, թե օրենք ընդունես ու մարդկանց արգելես կազինո հաճախել։ Այդ ոլորտը ռիսկային է։ Կարող ես մի ֆիշկա ունենալ ու դրանով միլիոններ շահել, կարող է միլիոններ ներդնես ու ոչինչ չշահես»,- ասաց տնտեսագետը։
Ատոմ Մարգարյանը շեշտեց, որ էլեկտրոնային փողերի ոլորտում հաղթում է առավել հզոր սերվերներ ունեցողը, ով անընդհատ զբաղվում է այդ գործով կամ ինչպես ընդունված է ասել` մայնինգ է անում։ Իսկ նման մարդկանց հարկելու համար նախ պետք է նրանց բացահայտել և պարզել` ինչպես է նա կառուցել իր համար եկամուտ ապահովող շղթան և որքան գումար է դրանով վաստակել։
Հիշեցնենք, ԱԺ «Ելք» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնությամբ է ներկայացել։ Պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով օրինագծի նպատակը, ասել է, որ այն միտված է նորահայտ ոլորտն օրենքով կարգավորելուն, այն ազատականացնելուն և հարկերից ազատելուն` առնվազն մինչև 2023թ-ը։