ՌԱԴԻՈ

Բաբայան. «Որքան Ադրբեջանը շարունակի բռնապետական լինել, այնքան ոչ մի հարց չի լուծվի»

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ՀՀ նախագահի մյունխենյան ելույթի մասին` նշելով, որ շատ կարևոր է, երբ ճանաչված երկրի ղեկավարն է նման հարթակում հարցեր բարձրացնում։
Sputnik
Դավիթ Բաբայան

Բաբայանի խոսքով` Հայաստանին և Արցախին մտահոգող հարցերի մասին շատերն են խոսում, բայց ավելի կարևոր է, երբ ՀՀ նախագահն է դրանց մասին խոսել Մյունխենի անվտանգության համաժողովում։

«Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ այդ հարցերը մտնում են համաշխարահային քաղաքականության հարթակ, ինչը շատ կարևոր է, որովհետև այն հայտարարությունները, որ անում է Ադրբեջանը, հղի է ոչ միայն լոկալ բարդություններով, այլև ունի տարածաշրջանային և գլոբալ նշանակություն։ Եթե Հարավային Կովկասում Ադրբեջանի պատճառով ինչ-որ անկանխատեսելի զարգացումներ են սկսվում, կամա թե կամա այդ գործընթացում ընդգրկվում են նաև գերտեսրությունները»,- նշեց Բաբայանը։

Նրա խոսքով` պետք է ամենաբարձր հարթակներից խոսել այդ մասին։

«Մի բան է, երբ այդ մասին խոսում են գիտական-վերլուծական կենտրոնները, այլ բան է, երբ խոսում է ճանաչված երկրի ղեկավարը»,- ասաց Բաբայանը` ավելացնելով, որ որքան Ադրբեջանը շարունակի բռնապետական լինել, այնքան ոչ մի հարց չի լուծվի։

Նա ընդգծեց` միջազգային հանրության աչքակապությունն է հանգեցրել այս վիճակին։