ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Armenia» ավիաընկերությունը որոշել է կանանց միջազգային տոնի կապակցությամբ անակնկալ մատուցել` Երևան- Թել Ավիվ-Երևան չվերթի համար աննախադեպ զեղչեր սահմանելով։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։
«Մարտի 8-11-ը Երևան- Թել Ավիվ-Երևան ուղղությամբ տոմսի արժեքն ընդամենը 199 եվրո է լինելու, իսկ Թել Ավիվից Երևան` 220 եվրո»,- ասաց Խաչատրյանը։
Ավիաընկերությունը հաշվի է առել, որ կանանց միջազգային տոնը Հայաստանում 4 օր է տևում, այսինքն մարտի 8-11-ը տոնական օրեր են։
Ավիաընկերությունը նման նախաձեռնութամբ հայաստանցիներին ուրախացրել է նաև ամանորյա տոներին։ Այն ժամանակ ընկերությունը Թել Ավիվ, Բեյրութ, Վորոնեժ, Մինվոդի ուղղություների համար աննախադեպ սակագներ էին սահմանել։
Ավիաընկերությունը Երևանից Թել Ավիվ և հակառակ ուղղությամբ մշտական չվերթներ է իրականացնում 2017 թվականի մայիսի 17-ից։ Չվերթներն իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին։ Թռիչքի տևողությունը երկուսուկես ժամ է։
«Armenia»-ն ներկա փուլում չվերթեր է իրականացնում նաև դեպի Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ: Ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթեր գործարկել նաև նոր ուղղություններով։
«Armenia»-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։ Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս):
Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-Ավիան»։