Նոր մանրամասներ Քաջարանում 53–ամյա տղամարդու մահվան մասին. գլխավոր կասկածյալը եղբորորդին է

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դեպքից հետո փորձել են հատել ՀՀ պետական սահմանը, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել և ձերբակալվել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ. 3 անձ ձերբակալվել է, նրանց թվում նաև՝ տղամարդու եղբոր որդին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` 2018թ. փետրվարի 17-ին, ժամը 22:30-ին, «Քաջարան ԲԿ» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է 1965թ. ծնված նույն քաղաքի բնակչի դիակը՝ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիահերձման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ` գլխի շրջանում:

Ոմանց հետ դաժանաբար ծեծել է հորեղբորը, վերջինս մահացել է. կասկածյալները ձերբակալված են

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները` շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նրանք Սյունիքի մարզի բնակիչներ են՝ ծնված 1995, 1974 և 1984 թվականներին և միմյանց հետ գտնվում են ազգակցական կապի մեջ:

Նախնական քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի 1995թ. ծնված բնակիչը անձնական հարցերի շուրջ տուժողի՝ իր հորեղբոր հետ զրուցելու նպատակով իր երկու ազգականի հետ դեպքի օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, գնացել է տուժողի բնակության վայր: Այնուհետև միասին տաքսի ավտոմեքենայով մեկնել են Կապան քաղաքի ուղղությամբ, որտեղ կանգ են առել և վիճաբանել, ինչի ժամանակ էլ 53-ամյա տղամարդը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ տղամարդուն այնուհետև տեղափոխել են Քաջարանի Շահումյան փողոցի 1-ին շենքի մոտ, թողել այնտեղ, որտեղ էլ, ստացած մարմնական վնասվածքներից, վերջինս մահացել է:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դեպքից հետո փորձել են հատել ՀՀ պետական սահմանը, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել: Փետրվարի 19-ին նրանք ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: