Պատերազմում փլավ չեն բաժանում. Սարգսյանը պատասխանել է իր «հայրենակից» ադրբեջանցուն

ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում պատասխանել է քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Պատասխանելով Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի` Հայաստանը Հարավային Կովկասում չլուծված հակամարտության պատճառով տարածաշրջանային ծրագրերից դուրս մնալու հարցին, նախագահը հռետորական հարց է ուղղել նրան։ «Իսկ ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել»,–ասել է Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Սրանով հանդերձ ուզում եմ մեկ այլ հարցի անդրադառնալ. եթե չլիներ հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և եթե Ադրբեջանի տարածքները չլինեին Հայաստանի օկուպացիայի ներքո, եթե չլիներ էթնիկ զտումների քաղաքականություն Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, ապա, հավանաբար, այսօր Հայաստանը կկարողանար օգուտ քաղել այդ տարածքաշրջանային ծրագրերից:

Սարգսյան. «Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին»

Այստեղ ես պետք է նշեմ, որ անձամբ ես ունեմ արմատներ Ղարաբաղից, այո, այդպես է, և Դուք պետք է, անպայման, հասկանաք, որ առանց հակամարտության լուծման, Հայաստանը չի կարողանա լիարժեք շահակից լինել տարածաշրջանում և չի լինի տարածաշրջանի ծրագրերի մասնակից, բացառությամբ, եթե ադրբեջանցի բնակչությունը վերադառնա Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվեցիք տարածքներ: Ե՞րբ է Հայաստանը մտադիր մասնակցելու այդ ծրագրերին, և ե՞րբ ես կվերադառնամ իմ տուն»,–հարցրել է Ջաֆարովը:

«Նախ, շատ շնորհակալ եմ իմ հայրենակցի կողմից տրված այս հարցերի շարանի համար, որովհետև ես էլ եմ արմատներով Ղարաբաղից: Բայց ուզում եմ սկզբից մի հարց տալ. հարցս մի քիչ հռետորական է`

Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից, բանակցությունների արդյունքի վերաբերյալ ակնկալիքներից: Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում: Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել և ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և իրենք չեն ուզում, որ դուք ոչնչացնեք այդ ժառանգությունը:

Ալիևի հայտարարությունը զառանցանք է. Սերժ Սարգսյան

Իսկ թե ինչի համար Ադրբեջանի մի քանի շրջաններ հայտնվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ, Դուք դա շատ լավ գիտեք: Գիտեք, որ ղարաբաղցիները ընդամենը քաղաքակիրթ ձևով անցկացրել են հանրաքվե, դիմել են Սովետական միության Գերագույն խորհրդին. դա էր պահանջում Սովետական միության գործող օրենքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Փոխարենը` ձեր այն ժամանակվա իշխանությունները փորձեցին զենքով խեղդել ղարաբաղցիների այդ օրինական պահանջն ու ցանկությունը: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ այդ ժամանակ բոլոր եվրոպական կառույցները շատ դրական մոտեցում ցուցաբերեցին և ասացին՝ այո՛, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնորոշվի: Բայց պատերազմում փլավ չեն բաժանում, ցավոք սրտի: Ես ատում եմ պատերազմը: Սակայն այնպես ստացվեց, որ մենք մեզ պաշտպանելու համար ստիպված էինք ստեղծել անվտանգության գոտի:

Նորից այս հեղինակավոր ամբիոնից ասում եմ՝ մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե դուք ցուցաբերեք ողջախոհություն` խոսքս Ադրբեջանի ժողովրդի մասին չէ, խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, և իրականում նստեք բանակցային սեղանի շուրջ ու հասկանաք, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն փոխզիջումների հիման վրա: Ես չեմ ուզում մասնակիցների ժամանակը խլել, ուղղակի ուզում եմ ասել, որ ժամանակն է սթափվելու: Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը: Շնորհակալ եմ Ձեր այդ հարցաշարի համար»,–պատասխանել է ՀՀ նախագահը: