ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. «Գյումրի» բժշկական կենտրոնում ծեծկռտուք սարքած նույն կենտրոնի բժիշկների վարքագծի հարցը կքննվի կենտրոնի էթիկայի հանձնաժողովում: Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրին կենտրոնի մամլո գրասենյակից:
««Գյումրի» բժշկական կենտրոնում փետրվարի 19-ին հրավիրվել է էթիկայի հանձնաժողովի նիստ, որի ժամանակ միջադեպի մասնակիցները ներկայացնելու են համապատասխան զեկուցագրեր, որի արդյունքում պարզ կդառնա վիճաբանության պատճառը և մեղավորները: Ըստ այդմ` կենտրոնը կհրապարակի, թե ինչն է եղել վեճի պատճառը»,-նշեց կենտրոնի մամլո պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը՝ փաստելով, որ նիստը կլինի փակ, իսկ մինչ այդ բժշկական կենտրոնը զերծ է մնում որևէ մեկնաբանությունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին, ոստիկանության Կումայրիի բաժին տեղեկություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։