Ի՞նչ չեն կիսում բժիշկները. ծեծկռտուք «Գյումրի» բ/կ-ի բժիշկների միջև

Բժիշկ եղբայրները ծեծկռտուք են սարքել «Գյումրի» բժշկական կենտրոնում, ապա սեռական բնույթի հայհոյանքներ տվել բուժքրոջ հասցեին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Երեկ՝ փետրվարի 17-ին, ոստիկանության Կումայրիի բաժին տեղեկություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կետրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 13։00-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ադամյանը Ոստիկանության Կումայրիի բաժին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Նասիբյանը և 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և մոտ 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր և Արմեն Նասիբյանները հարազատ եղբայրներ են, իսկ Ա. Ադամյանը աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, Արման և Արտակ Սարգսյաններն էլ՝ որպես բժիշկներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Նասիբյան եղբայրներին հայտնաբերելու ուղղությամբ։