Ոմանց հետ դաժանաբար ծեծել է հորեղբորը, վերջինս մահացել է. կասկածյալները ձերբակալված են

Կասկածյալներից մեկը, որն արդեն ձերբակալված է, մահացածի եղբոր որդին է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 18-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնել են Կապան քաղաքի բնակիչներ 23-ամյա Մհեր Մանուչարյանին, 44-ամյա Սասուն Կարապետյանին և 34-ամյա Արտաշես Հակոբյանին: Shamshyan.com-ի տվյալներով՝ վերջիններս կասկածվում են փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու, ապա դին այլ տեղ տեղափոխելու մեջ:

Փետրվարի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժին՝ ոստիկանության Քաջարանի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա: Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը, ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ դիակի զննությամբ պարզել է, որ դեմքի շրջանում առկա են արյունազեղումների և քթի ախտաբանական շարժունակության վնասվածքների հետքեր:

Նախնական տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որպես մոդելագործ, նրա կինը՝ Ռուզաննան, աշխատում է Քաջարանի մանկապարտեզում՝ որպես տնօրեն: Իսկ կասկածյալ Ս. Կարապետյանը, կասկածյալ Մհեր Մանուչարյանի քեռին է: Վերջինս էլ մահացած Վ. Մանուչարյանի եղբոր տղան է: Նշված անձինք, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել են: