SPAYKA ընկերության հայ մասնագետներով կզբաղվի իսրայելական ինստիտուտը

Հուշագրի իրականացմանն ուղղված կոնկրետ քայլերի մասին կխոսվի մայիսին Իսրայելում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի այցի շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի խոշորագույն միջազգային բեռնափոխադրող SPAYKA ընկերության մասնագետները Իսրայելում Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտում պատրաստություն անցնելու հնարավորություն կստանան, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան-Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահ դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։

Պայմանավորվածությունը ձեռք բերվեց այսօր Երևանում «Հայաստան-Իսրայել» հասարակական հարթակի շրջանակում։ Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի նախագահ Ժոզեֆ Շևելն ու SPAYKA ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը երեք տարվա համագործակցության հուշագիր ստորագրեցին։

«Հուշագրի շրջանակում Գալիլեե ինստիտուտն անվճար դասընթացներ կանցկացնի SPAYKA ընկերության աշխատակիցների համար, իսկ հայկական կողմը կլուծի մասնագետների` Իսրայելում մնալու ծախսերը», — ասաց Ցինկերը։

Նրա խոսքով` ինստիտուտը վաղուց է աշխատում, համագործակցում է ավելի քան 100 երկրների հետ։ Փորձը ցույց է տալիս, որ մասնագետների անցած դասընթացները բավականին արդյունավետ են։ Դասընթացներից հետո բարձրանում է վաճառքի ու կառավարման արդյունավետությունը։

Ինչո՞ւ պետք է Իսրայելը համագործակցի Հայաստանի հետ. բացառիկ հարցազրույց Գագիկ Մինասյանի հետ

Ինստիտուտի ներկայացուցիչները երեք-չորս ամիսը մեկ գալիս ու տեսնում են` ինչպես են իրականացվում ուսման ընթացքում առաջարկված գաղափարները։

Այցի ծրագիրը կորոշվի մայիսին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի այցի ժամանակ։ Առաքելյանն ու SPAYKA ընկերությունը պատրաստվում են նաև այցելել Իսրայելի խոշոր միջազգային տոնավաճառ։

Ստորագրված հուշագրի համաձայն` Գալիլեե ինստիտուտը նաև իսրայելական ընկերությունների հետ է հանդիպումներ կազմակերպելու։ Դա թույլ կտա հայկական կողմին գործարքներ ու պայմանագրեր կնքել, նոր ներդրումային նախագծեր իրականացնել ։

Ցինկերը նշեց, որ 2018 թվականի սկիզբը հասարակական ֆորումի գործունեության համար բավականին արդյունավետ էր։ Երևանում արդեն ձևակերպվել է գյուղատնտեսական բիզնեսի ոլորտում համագործակցության մասին հուշագիրը։ Անցյալ շաբաթ Իսրայելում կայացել է ընկերության միջխորհրդարանական խմբի ներկայացուցիչների` Գագիկ Մինասյանի ու Տալի Պլոսկովի հանդիպումը։

Վերջերս հայ-իսրայելական հարաբերություններն ակտիվացել են։ «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումն ու միջխորհրդարանական բարեկամության խումբը զգալի ներդրում են ունեցել երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։

Երկու երկրների միջև բացվել են ուղիղ չվերթեր, հաճախակի են դարձել իշխանական կառույցների ներկայացուցիչների այցերը։ Հուլիսին Երևան է ժամանել Իսրայելի տարածքային կառավարման նախարար Ցախի Անեգբին, սեպտեմբերին եռօրյա այցով Հայաստան է ժամանել Քնեսեթի փոխխոսնակը` բարեկամության միջխորհրդարանական խմբի պատվիրակության անդամների և «Հայաստան-Իսրայել» հասարակական համաժողովի ներկայացուցիչների հետ միասին։

2017 թվականին նոյեմբերի 6-7-ին ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը պատասխան այց կատարեց Իսրայել։ Փետրվարին հայկական պատվիրակությունը` Գագիկ Մինասյանի գլխավորությամբ, այցելեց Իսրայել։

Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների նոր ճյուղ կարող է դառնալ վիզային ռեժիմի չեղարկումը և, որպես հետևանք, դեսպանատների բացումը, բայց դրա համար կողմերը դեռ պետք է համատեղ աշխատեն։