Սարգսյան. «Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին»

Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը. հայտարարել է ՀՀ նախագահը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նշելով, որ հայկական կողմն ամեն ինչ արել է այդ երկրի հետ հարաբերությունները կանոնակարգելու համար:

Ալիևի հայտարարությունը զառանցանք է. Սերժ Սարգսյան

«Կարող եմ վստահությամբ ասել, որ Հայաստանն ամեն ինչ արել է այս իրավիճակը հաղթահարելու համար։ Իմ նախաձեռնությամբ սկիզբ առած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես մեր երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա։

Այնուամենայնիվ, 2009թ. Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքված արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ: ՀՀ նախագահի խոսքով` դա ոչ այլ ինչ էր, քան պատմական հնարավորության տապալում։

«Արդյո՞ք Ադրբեջանն է խոչընդոտում Թուրքիային Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, ինչպես մեզ շատերը փորձում են համոզել։ Ո՛չ, հիմնական խոչընդոտը Թուրքիայի առաջնորդների քաղաքական կամքի բացակայությունն է: Կարծում եմ՝ պատկերացնում եք, որ հայկական սփյուռքի շատ ու շատ ներկայացուցիչներ այնքան էլ երջանիկ չէին մեր այդ որոշմամբ։ Դա բնական էր, քանի որ նրանք ցեղասպանություն վերապրածների և հայրենազրկման ենթարկվածների ժառանգներն են։ Ես շրջագայեցի ողջ աշխարհով, հանդիպեցի սփյուռքի մեր քույրերի և եղբայրների հետ՝ համայնք առ համայնք, քննարկեցի նրանց հետ չափազանց զգայուն այս խնդիրը»,- ասել է Սարգսյանը։

Նա հարց է տվել` արդյո՞ք Թուրքիայի ղեկավարները դրսևորեցին նման քաղաքական կամք, արդյո՞ք նրանք որևէ կերպ տեր կանգնեցին իրենց իսկ ստորագրած փաստաթղթերին։

«Մենք չենք կարող առհավետ սպասել Թուրքիայի պատասխան քայլերին»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից:

«Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»,- վստահեցրել է երկրի առաջնորդը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիա է մեկնել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով։ Նա ելույթ է ունեցել համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ։