Փհենչհանում կորեացի լրագրող է մահացել

Լրագրողի մահվան վերաբերյալ որոշ տեղեկություններ է ճշտել Sputnik Արմենիայի թղթակիցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փհենչհանում այսօր արտակարգ դեպք է գրանցվել. մեդիաավանում լուր է տարածվել, որ լրագրող է մահացել: Sputnik Արմենիայի թղթակիցները փորձել են մանրամասներ պարզել։

Ինչպես է Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցը Օլիմպիադայում հետապնդել բիաթլոնիստներին

Հաջողվել է ճշտել մահացողի ազգությունն ու մոտավոր տարիքը: Կորեացի լրագրողը, որբ օլիմպիական խաղերը լուսաբանում էր ճապոնական լրատվամիջոցներից մեկի համար, եղել է 50-55 տարեկան, մահացել է իր համարում:

Օլիմպիական խաղերում լրագրողները բնակեցվել են երկնաքերերում, որոնք խաղերի ավարտից հետո տրամադրվելու են տեղի բնակիչներին: Հայաստանը ներկայացնող երկու լրագրողներին տրամադրվել է 3 սենյականոց բնակարան: Հենց նման բնակարանում էլ իր մահկանացուն է կնքել կորեացի լրագրողը, որի ազգանունը Կիմ է:

Նույն բնակարանում բնակվող նրա գործընկերը զգացել է, որ կորեացին երկար ժամանակ չի արձագանքում ու չի վեր կենում իր մահճակալից: Մտածել է` քնած է, փորձել է արթնացնել, հետո կանչել է ոստիկաններին ու բժիշկներին։ Պարզվել է, որ կորեացի լրագրողը մահացել է: Բնակարանում ապրող գործընկերը պատմել է, որ նախորդ օրը կորեացին դժգոհել է կրծքավանդակի ցավերից: