Սոսն ու որդիները պանիր են արտադրել ավտոտնակում. արտադրանքի իրացումը կասեցվել է

Արտադրությունն իրականացվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն:

Բրազիլական հավերին թույլ չեն տվել մտնել Հայաստան

Նախնական տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև անհատներից է ձեռք բերել պանիր և փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ:

Ծառայությունը, որպես անհայտ ծագման մթերք, կասեցրել է արտադրվող պանրի բոլոր խմբաքանակների իրացումը («Չանախ» տեսակի պանիր 145 կգ, ոչխարի պանիր 240 կգ, «Եղեգնաձոր» տեսակի հորած պանիր 32 կգ, հորած պանրի հումք 60 կգ): Աշխատանքներ են տարվում շուկայում առկա հնարավոր խմբաքանակները բացահայտելու և հետ կանչելու ուղղությամբ:

Նշված արտադրանքը չի ունեցել համապատասխանության հայտարարագիր, ինչպես նաև՝ մակնշում: Բացի այդ, արտադրությունն իրականացվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

Սննդի անվտանգության պետական ծառայությունը իրացման ցանցերի պատասխանատուներին և սպառողներին հորդորում է ձեռնպահ մնալ «Սոս և որդիներ» ՍՊԸ-ի արտադրության պանիրը վաճառելուց կամ գնելուց: