Ո՞վ արժանացավ 1000-րդ ոսկե մեդալին. մեկ օր առաջ նա հավասարը չունեցավ

Մարզիկը կրկնեց 66 տարի առաջ գրանցված ռեկորդը և արժանացավ օլիմպիական խաղերի 1000-րդ ոսկե մեդալին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Ձմեռային օլիմպիական խաղերի 1000-րդ ոսկե մեդալը ստացավ ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյոն։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակից Խաչիկ Չախոյանը Փհենչհանից։

Փհենչհանում կորեացի լրագրող է մահացել

Փհենչհանի հանդիսությունների սրահում կազմակերպված արարողության ժամանակ 1000-րդ ոսկե մեդալը հանձնեցին Յուձուրու Հանյոյին, որը տղամարդկանց մենասահքում իրեն հավասարը չունեցավ մեկ օր առաջ:

ՄՕԿ-ի պաշտոնյաները մեծ հանդիսավորությամբ նշեցին հոբելյանական ոսկե մեդալի հանձնումը ճապոնացի գեղասահորդին, որի ուրախությունը, բնականաբար, կրկնապատկվեց պատմության մեջ ևս մեկ էջ ավելացնելու կապակցությամբ:

Յուձուրու Հանյուն տղամարդկանց մենասահքում կարճ ծրագրից հետո ստանձնեց առաջատարի դիրքը, իսկ ազատ ծրագրում հաղթանակից հետո միավորների մեծ առավելությամբ ապահովեց օլիմպիական իր երկրորդ ոսկե մեդալը:

Սոչի-2014-ում հաղթանակից հետո չորս տարի անց Հանյոն Փհենչհանում կրկնեց գեղասահքում 66 տարի առաջ գրանցված ռեկորդը, որը սահմանել էր ամերիկացի գեղասահորդ Դիկ Բաթոնին: Վերջինը երկու անգամ օլիմպիական չեմպիոն էր հռչակվել 1948 թվականին Սանկտ Մորիցում և 1952 թվականին Օսլոյում:

Հավելենք, որ ձմեռային օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը 94 տարի առաջ՝ 1924 թվականին, նվաճել էր ամերիկացի չմշկավազորդ Չարլզ Ջութրոուն, որը հաղթանակ էր տարել ֆրանսիական Շամոնիում այդ տարվա հունվարի 26-ին: