Ճապոնիան կօգնի Հայաստանին երկրի հնագիտական ժառանգության պահպանման հարցում

Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Էյջի Թագուչին Ճապոնիայի դեսպանությունում ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Եղեգնաձորյան բացահայտում. շինարարները միջնադարյան հնձանի են «բախվել»

Նախարար Արմեն Ամիրյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Կատսուտոշի Ֆուշիմին ապա ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և JICA-ի միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման սարքավորումների բարելավման ծրագրի» դրամաշնորհի համաձայնագիրը:

69 700 000 (վաթսուն ինը միլիոն յոթ հարյուր հազար) ճապոնական իենի դրամաշնորհով (համարժեք է մոտ 315 միլիոն դրամին և մոտ 654 հազար ամերիկյան դոլարին) կլուծվեն «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պեղումների արդյունքում կուտակված հսկայական հնագիտական արժեքների, ճարտարապետական կոթողների՝ լավագույն մեթոդներով վերականգնման խնդիրները, Կենտրոնի հնագիտական վերականգնման լաբորատորիայի համար ձեռք կբերվեն նորագույն սարքավորումներ:

Նախարար Ամիրյանը նշել է, որ նախկինում էլ տարիներ շարունակ Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանին տրամադրած մշակութային դրամաշնորհներով լուծվել են հայկական մշակութային կազմակերպությունների տեխնիկական զինման շատ խնդիրներ, հայ մասնագետները հնարավորություն են ունեցել մասնակցելու Ճապոնիայում կազմակերպվող մշակութային բազմապիսի դասընթացների, որոնք իրապես օգնել են զարգացնել մասնագիտական հմտությունները և ստացած գիտելիքներն օգտագործել Հայաստանում:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մանաբու Հորին և դեսպան Էյջի Տագուչին նույնպես երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման ճանապարհին կարևոր քայլ համարեցին համաձայնագրերի ստորագրումը։ Կողմերն այդ առիթով հատկապես կարևորել են նաև փետրվարի 14-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև ստորագրված՝ Ներդրումների ազատականացման և խրախուսման համաձայնագիրը։