ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Վիզաների խարդախությունը միայն քրեական հանցանք չէ, այն նաև խոչընդոտում է երկրների միջև մշակութային համագործակցությունը։ Այս մասին ասել է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար, գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Ջոն Քրոնանը` մեկնաբանելով երեք հայերին ներկայացված մեղադրանքը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայ հեռուստահաղորդավար Դիանա Գրիգորյանը (հայտնի է որպես «Դիանա Ակոպովնա») երկու այլ հայերի հետ մեղադրվում է ՀՀ քաղաքացիների համար խարդախության միջոցով վիզաներ ստանալու մեջ։ Մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ-ի քաղաքացի, 47-ամյա Ստելլա Բոյաջյանին և ՀՀ քաղաքացիներ, 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Նրանք վիզաների հետ կապված խարդախություններ են արել և կարողացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխել Միացյալ Նահանգներ: Դիանա Գրիգորյանին այժմ հետախուզում են։
«Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում Քրոնանն ասել է` մի քանի վատ խնձոր վնասում է մյուս բոլորին։
«Մշակութային գործիչների P-3 վիզան ամերիկյան կողմի համար մյուս երկրների մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է»,- նշել է նա:
Սակայն, երբ մշակութային գործչի վիզա ստանալու գործընթացում կեղծիքներ են բացահայտվում, դա վնասում է մշակութային կապերին, նշում է պաշտոնյան.
«Խնդիրն այն է, որ այն գործիչների նկատմամբ, որոնք իրականում նախատեսում են ԱՄՆ-ում իրենց մշակութային տաղանդը ներկայացնել, հնարավոր է` նման դեպքերից հետո թերահավատություն և կասկած դրսևորվի, որովհետև ենթադրաբար մյուսները ստել են»,- ասել է պաշտոնյան:
Հայերին ներկայացված մեղադրանքի շուրջ զրույցի ընթացքում Քրոնանը կրկնել է «ենթադրաբար» բառը` հիշեցնելով, որ մինչ անձի մեղքը դատարանով չի ապացուցվել, անձը մեղավոր չէ։
«Տիկին Բոյաջյանը մեղադրվում է միջազգային ներգաղթային խարդախություն ղեկավարելու մեջ, որի ընթացքում կեղծիքի միջոցով անձանց ապօրինի օգնում էին P-3 վիզաներ ստանալ»,- ասել է նա:
Մեղադրանքի համաձայն` Հայաստանի մի շարք քաղաքացիներին կեղծ ներկայացնում էին որպես հայկական ազգային երաժիշտներ և պարողներ, լուսանկարում և վարժեցնում՝ ինչպես ստել ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցի ընթացքում։ Յուրաքանչյուր անձ վճարում էր 3-15 հազար դոլար:
Հիմնական մեղադրյալ Ստելլա Բոյաջյանը հայտնել է, որ իրեն մեղավոր չի համարում:
Մյուս մեղադրյալը Դիանա Գիգորյանն է, որը ենթադրաբար Հայաստանում է, և ԱՄՆ-ն նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել։
«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը չունեն «Հանձնման մասին» պայմանագիր, սակայն, գիտակցելով դա, մենք միևնույն է փորձելու ենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի նա կանգնի Միացյալ Նահանգների դատարանի առջև»,- ասել է Քրոնանը:
Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավարն ընդգծել է՝ վիզաների և ընդհանրապես ներգաղթի հետ կապված հանցագործությունները ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում են, որովհետև կեղծիքով ստացված մուտքի վիզան ճանապարհ է բացում ամենատարբեր հանցագործների համար: