Ժողովրդագրական կոլապս. ու՞ր է անհետանում Հայաստանի բնակչությունը և ինչու՞

Հայաստանի բնակչությունը տարեցտարի կրճատվում է, նորածինների թիվը շեղվել է հօգուտ տղաների, իսկ ծայրամասերի գյուղերը ինչպես դատարկվում էին, այնպես էլ շարունակում են դատարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի ժողովրդագրական վիճակն անմխիթար է։ Միայնակ կանայք ու հոր մշտապես բացակայությունից տառապող երեխաներն ընդհանուր պատկերի միայն մի մասն են։ Ծնելիության ու մահացության ցուցանիշները մտածելու առիթ են տալիս։

«Գլենդելներից» ավելի լավ է երևում, կամ արժե՞ արդյոք հայերին կտրել «ամերիկյան երազանքից»

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2017 թվականին Հայաստանում ծնվել է 37 699 երեխա, ինչը 7,1%-ով (2,89 հազար) քիչ է 2016 թվականի ցուցանիշից (40 592 երեխա), 9,7%-ով քիչ` 2015 թվականի ցուցանիշից (41 763 մարդ)։ 2018 թվականի հունվարի տվյալներով` ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 972,9 հազար մարդ։ Մահացությունների թիվը նախորդ տարվա տվյալներով 27 367 է։

Շրջափակված Հայաստանը մշտապես պատերազմի սպառնալիքի տակ է։ Դա նույնպես անդրադառնում է ժողովրդագրական ցուցանիշների վրա, հատկապես` ծայրամասերում. գյուղերն ինչպես դատարկվում էին, այնպես էլ շարունակում են դատարկվել։ 2017 թվականին ծնված երեխաներից 17950 աղջիկ են, 19749` տղա (2016 և 2015 թվականների տվյալները` 19179/21459 և 19611/22204 համապատասխանաբար)։ Կարծես «ապագա զինվորների» խնդիրը լուծված է. տղաներն ավելի շատ են։ Սակայն ցուցանիշների այսպիսի տարբերությունը բացատրվում է սելեկտիվ աբորտներով։

Որոշ փորձագետներ ահազանգում են` եթե հիմա սա «զինվորների հարցի լուծում» համարենք, ինչպե՞ս ենք 10-30 տարի անց լուծելու մեկ այլ հարց` ո՞վ է զինվորներ ծնելու։

Sputnik Արմենիայի խնդրանքով փորձագետները մեկնաբանել են ստեղծված իրավիճակը։

Առանց հոր

Հոգեբան Սամվել Խուդոյանը համոզված է, որ մեր երկրի բնակիչներն առանձնապես չեն զգում բնակչության քանակի տարբերությունը։ Միայն գյուղերում կարելի է հասկանալ, որ մարդկանց թիվը նվազում է։ Դրա ապացույցն են լքված տները։

«Շատերը երկրի ժողովրդագրական վիճակի մասին իմանում են ԶԼՄ-ներից։ Երբ նրանք տեսնում են, որ մեկը խոպան է գնացել, և երկրի մշտական բնակչության թիվը նվազում է, խուճապի են մատնվում։ Դա ավելի շատ նման է յուրահատուկ «շղթայական ռեակցիայի»։ Մեկը գնում է, մյուսն էլ է ուզում», — նշեց մասնագետը։

Ի դեպ, Խուդոյանը նշեց, որ հիմա հետաքրքիր միտում կա. ոչ միայն տղամարդիկ են արտերկիր մեկնում աշխատանքի, այլ նաև կանայք։

«Հաճախ ընտանիքներով են մեկնում։ Մարտունուց, Վարդենիսից, Գավառից դեռ խորհրդային ժամանակներից են գնում։ Նրանց համար սա ոչ թե նորություն է, այլ ավելի շուտ` միտում։ Այն տարիներին խնդիրն արդեն նշմարվում էր. գնացածները նոր տեղերում ընտանիքներ էին ստեղծում», —ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հայաստանի որոշ գյուղերը, նրա խոսքով, տարին վեց-յոթ ամիս տղամարդ չեն տեսնում, այնտեղ հիմնականում տարեցներն են մնացել։

«Դա բազում խնդիրներ է ծնում։ Տղամարդը պետք է ընտանիքում լինի։ Նրա բացակայությունը մեծ դեր է խաղում։ Օրինակ` Հայաստանում, մասնավորապես` Երևանում, ծաղկում է ինտիմ ծառայությունների բիզնեսը։ Մերսումների բազմաթիվ սրահներ պարզապես հասարակաց տներ են։ Այսինքն` շրջանների աղջիկները Երևան են գալիս ու այդ կեղտոտ գործի մեջ ներքաշվում։ Իսկ դա մեկ բան կարող է նշանակել` հայրն իր ընտանիքին չի պաշտպանում», — ասաց Խուդոյանը։

Միայն չինացիներն են հայերից հաճախ «սպանում» աղջիկներին

Շատերը քաղաք են գալիս առանց գումարի ու բուհ ընդունվելու հնարավորության։ Ու դա արևելյան Եվրոպայի երկրների մոդելն է։

Իսկ հետո ի՞նչ

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշեց, որ և՛ տնտեսությունը, և՛ ժողովրդագրությունը երկրում մեկ կամ երկու օրում չեն փոխվում։ Նա նշեց, որ այսօրվա իրավիճակը երկար տարիների սխալների հետևանք է։

Խաչատրյանը կոչ արեց դիտարկել ոչ միայն ժողովրդագրության վիճակագրությունը, այլ նաև աղքատության մակարդակը. պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ Հայաստանում 2017 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության 29,4%-ն աղքատ է։

«Վերջին տասը տարում մեր երկրի վիճակը նույնն է։ Մեր բնակիչների համար արդիական խնդիր է նաև ղարաբաղյան հակամարտությունը։ Այսինքն` մարդիկ չգիտեն` երբ է հաշտության պայմանագիր կնքվելու», — ասաց Խաչատրյանը։

Միաժամանակ նա նշեց, որ կասկածամտորեն է վերաբերվում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի կհասնի։