Անկարան Հայոց ցեղասպանության թեմայով քայլերի է դիմել. դիվանագետին ԱԳՆ են կանչել

Թուրքիան միշտ շատ սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերին և փորձում է խոչընդոտել ճանաչման գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Նիդեռլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Ուեսթստարեին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խամի Ակսոյին։ Հրավերի պատճառն այն է, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատում նախատեսվում է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը։

«ԱԳՆ-ն կանչել է Թուրքիայում Նիդեռլանդների հարցերի հավատարմատարին, քանի որ տեղեկություն կա, որ քաղաքական գործիչը պատրաստվում է Նիդեռլանդների խորհրդարանին ներկայացնել Հայաստանի պնդումները սատարող բանաձև` կապված 1915 թվականի իրադարձությունների հետ», — ասվում է Ակսոյի հայտարարության մեջ։

Նա նիդեռլանդցի քաղաքական գործիչներին կոչ է արել «վերանայել Թուրքիայի հանդեպ կարծրատիպային վերաբերմունքը»։

Ամստերդամի արձագանքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հիշեցնենք` Նիդեռլանդների խորհրդարանը միանգամից երկու բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին։ Առաջին բանաձևով խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Երկրորդի համաձայն` երկրի պետքարտուղարը պետք է այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մասնակցի Հայաստանում ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը:

Երկու բանաձևերի հեղինակն էլ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդն է։ Երկու փաստաթուղթն էլ իշխող կոալիցիայի չորս խմբակցությունների հավանությանն են արժանացել։

«Մենք չեք կարող պատժամիջոցների վախից դրդված ժխտել պատմությունը։ Վերջիվերջո մեր երկիրը միջազգային իրավունքի մայրաքաղաքն է, այնպես որ մենք չպետք է վախենանք ճիշտ քայլերից», —Ներկայացուցիչների պալատի որոշումը մեկնաբանել է Ֆորդևինդը։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկիրը Ուրուգվայն է։