Հայկական մոտիվներով հագուստը հիացրել է Նյու Յորքի հանդիսատեսին

Հայկական Shabeeg ապրանքանիշը փետրվարի 5–ից 11–ը մասնակցել է հեղինակավոր New York Fashion Week–ին, որը նորաձևության աշխարհի ամենակարևոր իրադարձություններից է։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik

Հայ դիզայներ, Shabeeg ապրանքանիշի հիմնադիր Մերի Սուքիասյանը Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացրել է հայկական ազգային մոտիվներով նոր հավաքածուն։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Shabeeg-ն առաջին անգամ էր համաշխարհային մակարդակի միջոցառման ժամանակ ցուցադրություն անցկացնում։

«Մինչ այդ Կիևում անցկացված Mercedes-Benz Fashion Week-ում մենք մեր հավաքածուն միայն ցուցադրման սենյակում էինք ներկայացրել, իսկ հիմա մեր աշխատանքները ցուցադրվեցին հայկական երաժշտության ներքո, որը համապատասխանում էր ընդհանուր թեմատիկային», —ասաց նա։

Մերիի խոսքով` New York Fashion Week-ի հյուրերը հավանել են հայկական մոդելները։

«Շատ տպավորված եմ, շատ հետաքրքիր էր։ Մենք բազում դրական կարծիքներ լսեցինք, հայկական զարդանախշերով հագուստը հյուրերի սրտով էր։ Սկզբում ինձ թվաց, որ դա միայն ամերիկյան սիրալիրություն է, բայց երբ ինձ սկսեցին նշել, գրել Instagram-ում, հասկացա, որ նրանք իսկապես հետաքրքրված են», — ասաց դիզայները։

Երևանի «նորաձև» հանգստյան օրերը Սոհոյին չէին զիջում

Մերիի խոսքով` հավաքածուն շատ է հետաքրքրել նաև տեղացի հայերին, թեև նա ակնկալում էր, որ ավելի շատ մարդ կգա։

«Կա՛մ անձրևը խանգարեց, կա՛մ այլ պատճառներ կային», — ասաց նա։

Դիզայները նշեց, որ Չինաստանից եկած հաճախորդները խորհուրդ են տվել հավաքածուն ներկայացնել Չինաստանի նորաձևության շաբաթվա ընթացքում։

«Դա մի փոքր զարմացրեց ինձ, քանի որ նրանք մեծ տեսականի ունեն ու բավականին մատչելի գներ, սակայն նրանք ասացին, որ մեր նախշերը կհետաքրքրեն չինացի գնորդներին», —ասաց նա։

Մերին նշեց, որ ընդհանուր առմամբ չինական շուկան հետարքրքում է ընկերությանը, սակայն այս տարի նա առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու ամերիկյան շուկային, մասնավորապես` այնտեղի հայերին։