«Արեցի այն, ինչ կարող էի». հայ դահուկորդը հրաժեշտ տվեց օլիմպիական մրցաշարին

18 տարեկան դահուկորդն այնքան էլ գոհ չէ իր արդյունքներից, բայց նա փորձելու է ավելի լավ պատրաստվել մինչ 20 տարեկան դահուկորդների աշխարհի առաջնությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը փետրվարի 16-ին ավարտվեց իր ելույթները օլիմպիական խաղերում: 15 կմ ազատ ոճով մրցատարածությունում Միքայելյանը զբաղեցրեց 83-րդ տեղը:

Օլիմպիական չեմպիոնի կոչումն այս մրցատարածությունում նվաճեց շվեյցարացի հայտնի դահուկորդ Դարիո Կոլոնյան, արծաթե մեդալակիր դարձավ նորվեգացի Սիմեն Հեգսթադ Կրյուգերը, իսկ ռուս Դենիս Սպիցովը կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

Խենթ արագություն, անհասանելի բարձրություն. դահուկորդներն ու սնոուբորդիստները Փհենչհանում

Միքայել Միքայելյանը երկրորդ անգամ դուրս եկավ մրցուղի: Տղամարդկանց սպրինտում հայ դահուկորդը զբաղեցրել էր 72-րդ տեղը և այնքան էլ դժգոհ չէր վերջնական արդյունքների ցուցակում իր դիրքից: Այսօր մրցման մասնակիցների թիվն ավելի շատ էր: Մեկնարկ վերցրին 119 դահուկորդ: Իհարկե, հերթական անգամ մենք շատ մեծ ակնկալիքներ չունեինք հայ դահուկորդից, բայց պարզ է, որ նա հնարավորին չափ բարձր տեղ զբաղեցներ:

Արդեն մրցման ընթացքում պարզ դարձավ, որ մեր դահուկորդը բավականին զիջում է առաջատարներին: Երբ վերջնագիծը հատեցին հիմնական հավակնորդները, արդեն ոչ ոք չէր կասկածում աղյուսակի առաջին եռյակի տեսքին: Սակայն բնականաբար պայքարը մրցուղիում դեռևս շարունակում էր, և մեր աչքերով տեսանք, որ բոլոր դահուկորդներն էլ ձգտում էին հնարավորին չափ բարձր արդյունք ցույց տալ:

Մինչ բոլորն արդեն շնորհավորում էին Դարիո Կոլոնյային ոսկե մեդալի համար, Միքայել Միքայելյանը հատեց վերջնագիծը, և հասկացանք, որ մեր դահուկորդը տեղ է զբաղեցնելու կամ ութերորդ կամ իններորդ տասնյակում: Հայ դահուկորդը մրցուղին անցավ 39.01.4 ժամանակով ինչը 83-րդ արդյունքն էր 119 դահուկորդների մեջ:

Եթե աղյուսակին նայենք վերևից, իհարկե, Միքայելյանը շատ հեռու է մրցաշարային աղյուսակում, իսկ եթե նայենք հակառակ կողմից, ապա հայ դահուկորդը հաղթել է 36 մարզիկի տարբեր երկրներից: Երևի թե մենք պետք է մխիթարվենք հենց այս տեսանկյունից, քանի որ սա է մեր հնարավորությունը այսպիսի մրցումներում: Իր արդյունքները Եվ հենց այդպես էլ բնորոշեց մրցումներում իր ելույթները ավարտած 18-ամյա դահուկորդը:

«Օլիմպիական մրցաշարը ինձ շատ անհրաժեշտ փորձ տվեց, ինչը ես, բնականաբար, կօգտագործեմ իմ ապագա մրցելույթների ժամանակ: Ես այնքան էլ գոհ չմնացի իմ ցույց տված արդյունքներից, չնայած այս պահին այնքան էլ լավ մարզավիճակում չէի։ Արեցի այն, ինչ կարող էի: Թող զավեշտ չթվա, բայց ես ձգտում եմ ավելի լավ պատրաստվել մինչ 20 տարեկան դահուկորդների աշխարհի առաջնությանը» — նշեց Միքայել Միքայելյանը: