Հայաստանը գնաճին պետք է պատասխանի տնտեսական աճով. Շարմազանով

Հայաստանում գնաճին նվիրված վերջին խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորները քննարկում էին` ինչպես օգնել քիչ եկամուտ ունեցող քաղաքացիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Գնաճի դեմ պայքարելու լավագույն միջոցը եկամուտների ավելացումն է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք` այսօր խորհրդարանն արտահերթ նիստ էր գումարել։ Ընդդիմադիր «Ելք» դաշինքը ներկայացրել էր մի օրինագիծ, որն առաջարկում էր իջեցնել դիզելի, բենզինի ու գազի գինը։

Շարմազանովը հիշեցրեց, որ գնաճին նվիրված վերջին խորհրդարանական լսումների ընթացքում պատգամավորները քննարկում էին` ինչպես է կարելի օգնել համեստ եկամուտ ունեցող քաղաքացիներին։

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ` լսումները երկու կարևոր արդյունքի են հանգեցրել։ Նախ` նախագահի առաջարկով Գյուղատնտեսության նախարարությունը նախագիծ է կազմել գյուղացիների համար դիզելային վառելիքի սուբսիդավորման մասին։ Հիմա ամենակարևորն այն է, որ սուբսիդիաները հնարավորինս հասցեական լինեն և կողմնակի մարդկանց ձեռքում չհայտնվեն։ Երկրորդ` նվազել են միջքաղաքային տրանսպորտի գները։

Իսկ եթե բոլոր ապրանքների համար սուբսիդիաներ տրամադրվեն, բյուջեի ու տնտեսության համար բացասական հետևանքներ կունենա, հավելեց փոխխոսնակը։ Կարելի է մեկ այլ բանի մասին մտածել. ինչպես անել, որ տնտեսական աճը առաջ անցնի գնաճից, ընդգծեց Շարմազանովը։

«Մենք պետք է ունենանք մի խնդիր՝ ապահովել ավելի մեծ տնտեսական աճ, քան գնաճն է։ Կարողանո՞ւմ ենք դա ապահովել։ Կարծում եմ՝ այո։ Բավարա՞ր է, թե՞ չէ։ Իհա՛րկե բավարար չէ։ Բայց պետք է ֆիքսենք՝ ՀՀ-ն ԵԱՏՄ երկրներից ունի ամենամեծ տնտեսական ակտիվությունը՝ 7%-ից ավելի։ Իսկ գնաճը մեզ մոտ ամենացածրն է տարածաշրջանում` (2,6%)», — ասաց նա։

Նշենք, որ «Ելք» դաշինքն առաջարկում էր չեղարկել 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսդրության փոփոխությունները, որոնց համաձայն` դիզելի, բենզինի ու խտացված լիցքավորման գազի հարկերն աճում են։