Ինչո՞ւ պետք է Իսրայելը համագործակցի Հայաստանի հետ. բացառիկ հարցազրույց Գագիկ Մինասյանի հետ

Հայաստան-Իսրայել միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գագիկ Մինասյանը համոզված է` Իսրայելը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում։ Եթե իշխանությունները դա փոխշահավետ չհամարեին, վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում զգալի զարգացում և դինամիկա չէին արձանագրի։
Sputnik

Հայկական պատվիրակության դեպի Իսրայել կատարած քառօրյա այցի, պայմանավորվածությունների, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Իսրայելի դիրքորոշման և Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է Գագիկ Մինասյանի հետ։ Զրուցակիցը Լաուրա Սարգսյանն է։

- Դուք երեկ եք վերադարձել Իսրայելից։ Ինչպե՞ս եք գնահատում ձեր գլխավորությամբ հայկական պատվիրակության այցն Իսրայել։

— Այցը բավական արդյունավետ էր։ Չորս օրվա ընթացքում 15 հանդիպում ունեցանք, որոնցից 6-ը` բարձր մակարդակով, երկրի ղեկավարության հետ։ Մենք մի շարք հարցեր առաջադրեցինք։ Առաջին հերթին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Հայկական կողմը տեսակետ հայտնեց, որ մեր գործընկերները ճիշտ ժամանակ չէին ընտրել դրա համար։

Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը նախաձեռնել էր «Եշ Ատիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը երկրում լարված ներքաղաղական իրավիճակի պայմաններում։ Ընդդիմությունն առաջադրել էր Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին պաշտոնանկ անելու հարցը։ Միևնույն ժամանակ Նեթանյահուի կառավարությունը առաջ քաշեց 2019 թվականի Իսրայելի բյուջեի հաստատման հարցը։ Նեթանյահուն ուզում է արագ հաստատել բյուջեն, որպեսզի առանց լրացուցիչ խոչընդոտների կարողանա մինչև 2019 թվականը մնալ իր պաշտոնում։

Իրականում. Իսրայել-Հայաստան բարիդրացիական հարաբերությունները ոչ թե պարտականություն, այլ ցանկություն են

Մենք նշեցինք, որ այդ իրավիճակում Ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելը սխալ էր։ Ակնհայտ էր, որ օրինագիծը չէր կարող ընդունվել Քնեսեթում։ Մենք մեր գործընկերների հետ եկանք այն եզրակացության, որ հետագայում ևս հայ ժողովրդի հարցը Քնեսեթում կբարձրացվի և չի բացառվում, որ դրական լուծում ստանա։

Իսրայելի տարածաշրջանային կառավարման նախարար Ցախի Անեգբին ընդգծեց, որ իսրայելացիները Հայոց ցեղասպանության ճանաչումը ճիշտ որոշում են համարում, սակայն Քնեսեթը մի շարք պատճառներով դեռ պատրաստ չէ այն ընդունել։

- Ի՞նչ դիրքորոշում ունի Քնեսեթը արցախյան հակամարտության հարցում։

— Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը մի քանի անգամ ընդգծել է, որ արցախյան հակամարտության հարցը պետք է լուծվի հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության։ Մենք հարցրեցինք մեր գործընկերներին` արդյո՞ք այս խոսքերն արտացոլում են Իսրայելի կառավարության դիրքորոշումը, թե՞ սա մեկ նախարարի մասնավոր կարծիք է։ Մեզ պատասխանեցին, որ Լիբերմանի կարծիքը չի համընկնում Քնեսեթի դիրքորոշման հետ։ Մենք շեշտեցինք, որ արցախյան հակամարտության կարգավորման հարցում լուծումներ առաջարկել լիազորված է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մեր գործընկերները նշեցին, որ ապագայում կներկայացնեն մեզ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը և վստահեցրին, որ այն ներդաշնակ է լինելու ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի դիրքորոշման հետ։

Մենք ներկայացրեցինք նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ մեր դիրքորոշումը։ Հայաստանը կարծում է, որ Իսրայելը զենք է վաճառում մի երկրի, որը իրենն է համարում ոչ միայն Արցախը, այլև Երևանը։ Գործընկերները ըմբռնումով վերաբերվեցին մեր դիրքորոշմանը։

- Որքանո՞վ են իրատեսական մեր երկրների միջև վիզայի ազատականացման և մոտ ապագայում դեսպանատան բացման տեսլականները։

— Չենք կարող խոսել ժամկետների մասին, սակայն, մեր կարծիքով, մոտ ապագայում առանց վիզայի մուտքի ռեժիմի կիրառումը երկու պետությունների միջև շատ հավանական է։ Մենք համոզված ենք նաև, որ դեսպանատները պետք է բացվեն միաժամանակ` ինչպես Հայաստանում, այնպես էլ Իսրայելում։ Ամեն ինչ կախված է իսրայելական կողմից, մենք պատրաստ ենք այդ քայլին։

- Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այցի ժամանակ։

— Աշնանը երկու երկրների կառավարությունների հովանու ներքո նախատեսվում է հայ-իսրայելական համաժողով անցկացնել, որի շրջանակում կողմերը կներկայացնեն, թե ինչպես է միանման ողբերգություն վերապրած երկու ժողովուրդներին հաջողվել ոչ միայն ոտքի կանգնել, այլև պետականություն ստեղծել։ Մենք նաև Քնեսեթի նախագահին հրավիրել ենք այս տարի Հայաստան այցելել պաշտոնական այցով։ Ժամկետներն ավելի ուշ կհստակեցվեն։

1 / 2
Հայկական պատվիրակության այցը Իսրայել
2 / 2
Հայկական պատվիրակության այցը Իսրայել

- Ի՞նչն առիթ դարձավ հայ-իսրայելական հարաբերությունների աշխուժացման համար` հատկապես վերջին շրջանում։

— Հարաբերություններն ակտիվացան Ցախի Անեգբիի այցից հետո։ Այնուհետև եղավ Տալի Պլոսկովայի գլխավորությամբ Իսրայելից միջխորհրդարանական բարեկամության խմբի, ինչպես նաև դեպի Իսրայել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը։ Երկու պետությունները համոզված են, որ իրենց համագործակցության ներուժը բավարար չափով օգտագործված չէ, իսկ հարաբերությունների խորացումը միայն դրական արդյունք կտա։

– Մինչ օրս ի՞նչն էր խանգարում երկկողմանի հարաբերությունների աշխուժացմանը։

— Չեմ ցանկանում քննարկել այն, ինչ եղել է մինչև այսօր։ Կոչենք այդ ժամանակը երկրների ներուժի և դրա հետագա կիրառման հնարավորություններն ուսումնասիրելու ժամանակահատված։ Այսօր երկու երկրներն էլ անում են ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան բոլոր ոլորտներում։

- Իսրայելում հաճախ հարցադրում է հնչում` ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Իսրայելին։ Ի՞նչ կպատասխանեք հարցադրողներին։

— Ո՛չ ինձ, ո՛չ էլ հայկական կողմին այդ հարցով որևէ մեկը չի դիմել։ Հակառակը, իսրայելական կողմը շահագրգռված է բոլոր հնարավոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմամբ։ Եթե նրանցից մեկը, ով իշխանության կազմում է և խնդիրներ է լուծում Իսրայելում, համոզված լիներ, որ իրենց երկրին Հայաստանի հետ համագործակցությունը ձեռնտու չէ, այդ հարաբերությունները չէին մեկնարկի ու չէին զարգանա:

- Ի՞նչ խնդիրներ ունեն հայ համայնքի ներկայացուցիչներն Իսրայելում։

— Համայնքի հետ հանդիպումը բավական ջերմ էր։ Նրանց աշխույժ հետաքրքրություն ցուցաբերեցին այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Իսրայելի հայկական համայնքը առանձնահատուկ է։ Այն արաբա-իսրայելական հակամարտության էպիկենտրոնում է գտնվում։ Երուսաղեմում հայերը վաղուց են ապրում, և Ավետյաց երկրում նրանց ներդրումը հոգևոր ու մշակութային ժառանգության մեջ անգնահատելի է։ Մեզ համար կարևոր է այսօր պահպանել այդ ժառանգությունն ու փոխանցել եկող սերունդներին, ինչպես նաև երկրի իշխանություններին ներկայացնել համայնքի դիրքորոշումը։