Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

Շարմազանով ընդգծել է` նիդեռլանդցի գործընկերները երախտագիտության են արժանի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել նիդեռլանդցի գործընկերներին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։

Մի քանի ժամ առաջ Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Նիդեռլանդների խորհրդարանի մյուս որոշմամբ` երկրի պետքարտուղարը պետք է այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մասնակցի Հայաստանում ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը:

«Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատն ընդունել է բանաձևն ու հաստատել, որ այն երկրների շարքում է, որոնք ճանաչել ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին», —դահլիճում հնչող ծափահարությունների ներքո ասաց Շարմազանովը։

Ներկայացուցիչների պալատը այդպիսի բանաձև էր ընդունել դեռևս 2004 թվականին։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են գրեթե 30 երկրի խորհրդարաններ ու կառավարություններ։