Դավթաշենի կամրջից նետվելուց առաջ մայրն ու դուստրը պիցցա են պատվիրել. մանրամասներ

Երևանի Դավթաշենի կամրջից նետված կնոջ ու նրա դստեր մահվան վերաբերյալ նոր մանրամասներ են հրապարակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Երեկ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված մայրն ու աղջիկը մահացել են 2 օր առաջ։ ՀՀ քննչական կոմիտեն նոր փաստեր է հրապարակել։

Մոր և դստեր մահվան՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։ Այսօր կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից։

Քրեական գործով պարզվել է նաև, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմանում, 37 տարեկան կինը 9 տարեկան դստեր հետ այցելել է «Տաշիր Պիցցայի» Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա պատվիրել, վերցրել այն և դուրս եկել։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քննիչներն այժմ այդ տարածքում տեղադրված արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձում են պարզել նրանց երթուղին։

Ի դեպ, քննչական կոմիտեի տվյալներով, մոր և դստեր անհետ կորելու վերաբերյալ ահազանգը ոստիկանությունը ստացել է նույն օրը`փետրվարի 13-ին, ժամը 22։25-ին։

Արաբկիրի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ երեկ`փետրվարի 15-ին, Երևանի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել էին երիտասարդ կնոջ և երեխայի դիակներ։ Ավելի ուշ պարզվել էր, որ մահացածները մայր ու դուստր են, որոնք, ըստ նախնական վարկածի, նետվել են կամրջից։