Բաքուն խոսել է արցախյան փոխզիջումների մասին. ապատեղեկատվությու՞ն, թե՞ սառույցը շարժվեց

Ադրբեջանն ու Թուրքիան կարող են Հայաստանի և Արցախի համար հաղորդակցություն բացե՞լ որոշ շրջանները զիջելու դիմաց։ Երևանում կասկածով են վերաբերվում Բաքվից հնչող նմանօրինակ հայտարարություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Հայաստանում տարօրինակ են համարում ադրբեջանական քաղաքական շրջանակում Արցախի հարցի վերաբերյալ արդեն այս տարի կոնսենսուսի հասնելու հավանականության մասին հայտարարությունները։ Ավելի վաղ նման հնարավորության մասին հայտարարել էր Ադրբեջանի խորհրդարանի իշխող կուսակցության պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։ Հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ հակամարտող կողմերը 2018 թվականին կարող են ինչ-որ շրջանակային փաստաթուղթ ստորագրել։

ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Կիրո Մանոյանի կարծիքով` բանակցություններում Բաքվի մաքսիմալիզմը փոխզիջման գնալու ցանկացած հնարավորություն բացառում է։

«Ադրբեջանը բանակցությունների ժամանակ, ինչպես հայտնի է, պահանջում է ամեն ինչ և միանգամից։ Ի՞նչն է հիմա այդ երկրի իշխանություններին ստիպել փոխել իրենց դիրքորոշումը, պարզ չէ։ Հավանաբար, դա կանխամտածված տեղեկատվության տարածում է, որը հայկական կողմին ապակողմնորոշելու նպատակ ունի», — Sputnik Արմենիային ասաց Մանոյանը։

Հայ քաղաքական գործիչն ավելի շատ հակված է հավատալու Հայաստանի պաշտոնական այրերի հայտարարություններին, որոնք, սակայն, մոտ ապագայում խնդրի հավանական լուծման մասին չեն խոսել։

«Ավելին, տարօրինակ է նման կանխատեսումներ լսել ադրբեջանցի պատգամավորի շուրթերից։ Խիստ, ավտորիտար ռեժիմ ունեցող երկրում դժվար թե որևէ մեկը հանդգներ ինքնուրույն նման հայտարարություն անել։ Այստեղ հաստատ որևէ բան այն չէ», — ասաց մեր զրուցակիցը։

Շարմազանով. Մարիա Զախարովան հստակ մեղադրանք հնչեցրեց Ադրբեջանի հասցեին

Նշենք, որ Մուսաբեկովը «ԱրմԻնֆո» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել էր, որ խնդիրը հնարավոր է լուծել քայլ առ քայլ, փոխզիջումների և որոշակի բոնուսներ ստանալու միջոցով։ Այսպես, շրջանակային համաձայնագրի» ընդունմամբ անմիջապես 2-3 շրջան ազատվում է, որը ուղեկցվում է խաղաղապահ գործողությամբ և Հայաստանի համար Ադրբեջանի ու Թուրքիայի հաղորդակցությունների բացմամբ։ Դա այնքան էլ քիչ չէ, ասում է նա, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը կարող է երկաթուղային ելք ունենալ Թուրքիայով դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք, իսկ Ադրբեջանով դեպի Իրան, ինչպես նաև Ռուսաստան, Կենտրոնական Ասիա և Չինաստան: Լեռնային Ղարաբաղը կարող է օդային հաղորդակցություն իրականացնելու հավանություն ստանա Բաքվից։

Մանոյանի կարծիքով` ո՛չ Ադրբեջանը, ո՛չ «եղբայրական» Թուրքիան զիջումների գնալու պատրաստակամության նշաններ ցույց չեն տվել Հայաստանին։ Իսկ Ալիևի վերջին հայտարարությունները` «ադրբեջանցիներին Երևան վերադարձնելու» մասին, չեն համընկնում Մուսաբեկովի լավատեսական տոնի հետ, որով վերջինս խոսում է մոտ կարգավորման մասին։

«Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչը հիշեցրեց նաև, որ Մադրիդյան սկզբունքներն Ադրբեջանի կողմից չընդունելու հիմնական պատճառն Արցախը դե-յուրե առանձնացնելու հնարավորությունն է, իսկ Մուսաբեկովի նկարագրած սցենարը փաստորեն գրեթե այդ փաստաթղթի փոքր-ինչ ձևափոխված տարբերակն է։

«Ադրբեջանը չի կարող հաշտվել սրա հետ և դա երբեք դա չի թաքցրել։ Ի՞նչը Ալիևին կստիպի համաձայնել նման սցենարին, դժվար է ասել», — նշեց Մանոյանը։

Հանուն արդարության պետք է նշել, որ շրջանակային համաձայնագրի ստորագրման համար որոշակի նախադրյալներ, այնուամենայնիվ, կան։ Տեսականորեն իրադարձությունների նման զարգացման օգտին է խոսում Իլհամ Ալիևի կողմից նախագահական ընտրությունների օրը տեղափոխելը։ Ընտրությունները կանցկացվեն ոչ թե 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նախատեսվում էր, այլ ապրիլի 11-ին։ Չի բացառվում, որ ադրբեջանցի առաջնորդը շտապում է վերընտրվել մինչև Արցախի հետ փոխզիջման գնալը, քանի որ նախընտրական շրջանում զիջումների գնալը կհարվածեր Ալիևի հեղինակությանն ու այլ հարցեր կծներ։