ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Առկա տնտեսական պայմաններում ձեռքեր տաքացնելը նպատակահարմար չէ»

Sputnik Արմենիային տնտեսագետ Ատոմ Մարգարյանը պարզաբանում է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ թողնելու նախաձեռնության տնտեսական ազդեցության և պատճառների մասին։
Sputnik

Ատոմ Մարգարյան
«Կենտրոնական բանկը վերանայելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը` այն վերստին թողել է 6 տոկոս մակարդակում։ Հավանաբար ԿԲ-ն հաշվի է առել դրամավարկային ոլորտում առկա իրողությունները, տնտեսության վիճակը, ներուծման, արտահանման ծավալները, արտաքին շուկաների վիճակը և այլն, որոնք զսպողակի դեր են կատարել։ Պատճառներից մեկն էլ ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ ծավալված բանավեճերն են, դրանք զսպելու համար տրված հանձնարարականները»,- ասում է տնտեսագետը։

Ըստ նրա` ԿԲ-ն հասկանում է, որ նման պայմաններում ձեռքեր տաքացնելը նպատակահարմար չէ, և կա զսպող այնպիսի հզոր գործոն, ինչպիսին սահմանապակ վճարունակ պահանջարկն է։ Այն, որ այս տարվա ընթացքում աշխատավարձերի, նպաստների և կենսաթոշակների բարձրացում չեղավ և շարունակ հայտարարվում է այդ մասին, կառավարությունը խոսում է այսպես կոչված հարկաբյուջետային կոնսոլիդացիան շարունակելու անհրաժեշտության մասին, նույնպես զսպող գործոն է, ազդակ բոլոր շուկաներին։

Տնտեսագետի խոսքով` վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելը երկրի տնտեսական իրավիճակի վրա կարող է բարենպաստ լինել։