Գալիցկին կզբաղվի ֆուտբոլով. հայ միլիարդատերը վաճառել է «Մագնիտի» բաժնետոմսերը

Ռուս միլիարդատերը վաճառել է ընկերության բաժնետոմսերի մեծ մասը։ Սերգեյ Գալիցկին կարծում է, որ եկել է «ինչ-որ բան փոխելու ժամանակը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` հայազգի միլիարդատեր Սերգեյ Գալիցկին ՎՏԲ բանկին վաճառել է «Մագնիտ» մեծածախ ցանցի բաժնետոմսերի 29 տոկոսը, հաղորդում է «Վեդոմոստին»։

Համաձայնությունը ստորագրվել է Սոչիի ներդրումային համաժողովում։ Գործարքի արժեքը կկազմի 138 միլիարդ ռուբլի։ Դրանից հետո Սերգեյ Գալիցկուն կպատկանի բաժնետոմսերի շուրջ 3 տոկոսը։ ՎՏԲ–ի նախագահ Անդրեյ Կոստինի խոսքով` սա այս տարվա ամենախոշոր միաձուլումներից է։

Ռուսաստանցի օլիգարխը կկորցնի Հայաստանում էլեկտրականության մենաշնորհը

Գալիցկին շարունակում է մնալ «Մագնիտի» մինորիտար բաժնետերը` բաժնետոմսերի 3 տոկոս փաթեթով։ Նա նշել է, որ 25 տարի գլխավորել է ընկերությունը, բայց «պետք է արդեն ինչ–որ բան փոխել իր կյանքում»։ Նա «Մագնիտում» բաժնեմասը վաճառելու մասին որոշումը բարդ է անվանել, բայց մյուս բաժնետերերը տարբեր հայացքներ ունեն ընկերության զարգացման հարցում։ ՎՏԲ բանկին բաժնետոմսերի վաճառքը լավագույն որոշում է, քանի որ բանկը մեծ հավակնություններ ունի, նշել է Գալիցկին։

Նրա խոսքով` գործարքի պայմանները չեն նախատեսում հետադարձ գնման գործառույթ։

«Նույնիսկ եթե այդպիսի պայմաններ լինեին, ես դեմ կլինեի դրան։ Հեռանում ես` հեռացիր։ «Մագնիտը» կշարունակի գործել առանց ինձ», – ասել է գործարարը։

Այսօր «Մագնիտի» տնօրենների խորհուրդը կհաստատի ռիթեյլերի գլխավոր տնօրենին փոխելը. նոր ղեկավար կնշանակվի ընկերության գործող ֆինանսական տնօրեն Խաչատուր Պոմբուխչանը։

Գործարքը պետք է հաստատվի Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից։

Ուրբաթ Գալիցկին ասել է, որ կապրի Կրասնոդարում և կզբաղվի մանկապատանեկան ֆուտբոլով։ Գործարարին է պատկանում «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը։