«Դեմներն առեք, շուտ» հրահանգով քաղաքապետը սադրեց միջադեպը. ՀՀԿ–ականների մեղադրանքները

«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` երեկ ՀՀԿ-ի ներսում խիստ բացասաբար են ընդունել Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրենց կուսակիցների պահվածքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ««Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ ներսում խիստ բացասաբար են ընդունել Երևանի ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրենց կուսակիցների պահվածքը:

Ավելին՝ ՀՀԿ-ականներից ոմանք զայրացած են հենց Տարոն Մարգարյանի վրա՝ նշելով, որ «դեմներն առեք, շուտ» հրահանգով նա սադրեց միջադեպը, նպաստեց կրքերի լարմանը: Պատահական չէ, որ երկու օր է՝ ՀՀԿ-ականները չեն փորձում արդարացնել Մարգարյանին, ինչպես նախկինում անում էին:

Ավելին՝ ՀՀԿ ԳՄ անդամներից Սամվել Ֆարմանյանն ասել է, թե բռնության փորձերն անընդունելի են, հատկապես քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից:

Երեկ միջադեպը քննարկվել է նաև ՀՀԿ գործադիր մարմնի գիշերային նիստում: Դարձյալ Տարոն Մարգարյանին արդարացնողները քիչ են եղել: Միայն ասվել է, որ անթույլատրելի էր կոյուղաջուրը ավագանիների վրա շաղ տալը:

Բայց մյուս կողմից էլ, եթե Արթուր Գևորգյանն ու Սուրեն Ներսիսյանը չթափահարեին Մարինա Խաչատրյանի ձեռքը, դժվար թե իրավիճակն այդ աստիճան լարվեր»: