Ռուս լրագրող. «Ուրիշ ոչ մի տեղ քեզ այդքան ազատ և ապահով չես զգում, որքան Արցախում»

Ռուս լրագրողը փորձել է բացահայտել արցախցիների պարադոքսը։ Նրա կարծիքով` այդ մարդիկ շատ բան են տեսել, բայց միայն ավելի լավն են դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Ի՞նչ կա Արցախում, որը չկա այլ վայրերում։ Չնայած Ադրբեջանի ստեղծած բոլոր արգելքներին` լրագրողները և բլոգերները ձգտում են հայտնվել այս երկրում։

Ռուս լրագրող Իգոր Շիրյաևն արտասահմանյան լրագրողների խմբի հետ փետրվարի 10-14-ը եղել է Արցախում և իր տպավորությունները գրել է Facebook-ի իր էջում։

«Լինելով մոլորակի շատ գեղեցիկ ու էկզոտիկ վայրերում` ես Արցախն այն սակավաթիվ վայրերից եմ համարում, որն իսկական եմ անվանում։ Այո, կան ավելի բարձր լեռներ, ավելի էկզոտիկ բնություն, ավելի հարուստ երկրներ։ Բայց Արցախն իսկական է», — գրել է լրագրողը։

Նա բացատրել է, թե ինչ իմաստ է դրել այդ բառի մեջ։

«Այստեղ ապրում են ճիշտ դաստիարակված մարդիկ, որոնք շատ բան են տեսել և զարմանալիորեն դրանից ոչ թե վատն են դարձել, այլ ավելի լավը։ Նրանք ոչ մեկից ոչ մի բան չեն խնդրում։ Պարզապես ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն և թույլ տան հանգիստ ապրել երկրում, որը նրանք համարում են իրենցը։ Եվ ահա այս հարցում ես համաձայն եմ նրանց հետ։ Ես ուրիշ ոչ մի տեղ ինձ այդքան ազատ և միաժամանակ ապահով չեմ զգում, ինչպես Արցախում։ Հաշվի առնելով այս երկրի դրամատիկ պատմությունը և բարդ ներկան` պարադոքս է, բայց փաստ», — նշել է նա։

Շիրյաևը նաև ավելացրել է, որ Սիրահարների օրը սիրելի կնոջ` Լարիսա Շիրյաևայի հետ անցկացրել է Ծար լեռնային գյուղի սպիտակաթյուր ձյան մեջ։