ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ֆլորիդայի դպրոցի նախկին աշակերտի արձակած կրակոցներից տուժել է նաև Բրովարդ օկրուգի շերիֆի տեղակալի որդին։ Այս մասին հայտնում է CBSNews հեռուստաընկերությունը` վկայակոչելով շերիֆ Սքոթ Իսրայելին։
Չորեքշաբթի ԱՄՆ-ի Փարքլենդ քաղաքի դպրոցի նախկին աշակերտներից մեկը` 19 տարեկան Նիկոլաս Կրուզը, կրակ է բացել ուսումնական հաստատությունում։ Նրա արձակած կրակոցների հետևանքով մահացել են 17 մարդ։
Ականատեսների խոսքով` դասերի ավարտից մոտ տասը րոպե առաջ հրդեհային համակարգի ահազանգ է հնչել։ Աշակերտները փորձել են դուրս գալ դպրոցից, բայց այդ պահին կրակոցներ են հնչել։ Նրանց մի մասը փողոց է վազել, մյուսները փակվել են դասասենյակներում, իսկ ոմանք հայտնվել են կարմիր շապիկով տղայի հրազենի փողի տակ։
Ինչպես հայտնում է CNN-ը` հղում անելով սեփական աղբյուրներին, Նիկոլաս Կրուզը բարեհաջող անցել է ԱՄՆ-ում մասնավոր անձի կողմից հրազեն գնելու ստուգումները։ Նա գնել է AR-15 տեսակի կիսաավտոմատ հրազեն, որն օգտագործում են ամերիկյան ոստիկանությունը և որն ազատ վաճառվում է ինքնապաշտպանության և որսորդության համար։
A 7News viewer says this video came from her little brother, showing the SWAT team evacuating his classroom at Marjory Stoneman Douglas High School after this afternoon's shooting.
— WSVN 7 News (@wsvn) 14 февраля 2018 г.
Video: @Melody_Ballpic.twitter.com/d9wPh7jVoY
Հեռուստաընկերության տվյալներով` Կրուզի հայրը մահացել է 12 տարի առաջ ծանր հիվանդությունից։ Նրա հոգեմայրը մահացել է անցյալ տարի։ Կրուզի ազգականը պատմել է, որ Նիկոլասը ստիպված է եղել ինքնուրույն հոգալ իր կարիքները։
Փարքլենդի դպրոցում կրակոցների հետևանքով տուժածներից հինգը ծայրահեղ ծանր վիճակում են։ Եվս 14-ը գտնվում են օկրուգի երեք հիվանդանոցներում։
Դպրոցում 14-18 տարեկան շուրջ 3 հազար երեխա է սովորում։