Շարմազանով. Մարիա Զախարովան հստակ մեղադրանք հնչեցրեց Ադրբեջանի հասցեին

ՀՀ իշխող «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչն այսօր մեկնաբանել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը` կոչ անելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին օրինակ վերցնել Ռուսաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հստակ մեղադրանք է հնչեցրել Ադրբեջանի հասցեին` նշելով, որ Ադրբեջանի հայտարարությունները չեն բխում տարածաշրջանում խաղաղություն պահպանելու տրամաբանությունից։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Առայժմ ՌԴ այս գնահատականը մնում է միակ հասցեական գնահատականը Ադրբեջանի նախագահի հայատյաց և ֆաշիստական հայտարարություններին։ Հույս ունեմ, որ Զախարովայի օրինակը վարակիչ կլինի մեր մյուս միջազգային գործընկերների համար, և նրանք կունենան քաղաքական խիզախություն իրերն իրենց անուններով կոչելու համար»,- ասաց Շարմազանովը։

Զախարովա. «Երևանը վերադարձնելու» մասին Ալիևի խոսքերը սրում են իրավիճակը

Զախարովայի հայտարարությունը ՀՀԿ խոսնակը որակեց որպես ուղերձ` ուղղված Ադրբեջանին` առ այն, որ պաշտոնական Մոսկվան ոչ միայն չի խրախուսում, այլև դատապարտում է Ադրբեջանի այս հայտարարությունները։

Հիշեցնենք, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` «ադրբեջանցիներին Երևանը վերադարձնելու մասին» հայտարարությունը, մասնավորապես ասել էր, որ Ալիևի այդ արտահայտությունն ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը։