Պենդերեցկին նույնպես. մեծանուն երգահանը հայուհու թոռ է

Համաշխարհային հայտնի երգահանը Երևանում է, որտեղ կմեկնարկի նրա հոբելյանին նվիրված միջոցառումների միջազգային շարքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ինչպես տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը` Լեհ հանրահայտ երգահան Քշիշտոֆ Պենդերեցկին այսօր` փետրվարի 15-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ հայկական արմատներ ունի։

Պենդերեցկին ասել է, որ իրեն մեկ քառորդով հայ է համարում, քանի որ տատը հայ է եղել։

«Ինձ, տիկնոջս և ընտանիքիս համար մեծ բավականություն է Հայաստանում գտնվել։ Նշեմ, որ ես ինձ մեկ քառորդով հայ եմ համարում, քանի որ տատս հայ է եղել»,- ասել է մաեստրոն։

Պենդերեցկին Երևան է ժամանել իր 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում։ Նախատեսվում է, որ միջոցառումները տեղի կունենան նաև այլ երկրներում, իսկ կմեկնարկեն Երևանում։

Արամ Խաչատրյանը ֆանտաստիկ կոմպոզիտոր է Մաքսիմ Վենգերովի համար

Քշիշտոֆ Պենդերեցկին ժամանակակից երաժշտական արվեստի ամենավառ ներկայացուցիչներից է, որի մեջ համատեղվում են երգահանը, խմբավարը, հասարակական գործիչը, մանկավարժը։

Նա գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում։ Լեհ երգահանի երաժշտությունը ոգեշնչել է և շարունակում է ոգեշնչել մի քանի սերունդների։ Նա օպերաների, գործիքային համերգների հեղինակ է։ Գործունեության ընթացքում երգահանը երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի և երկու անգամ դարձել «Էմմիի» մրցանակակիր, պետական մի շարք մրցանակների դափնեկիր է։