Մել Բին հայուհի է դարձել. ինչ հանդերձով է բրիտանացի փոփ աստղը տոնել Վալենտինի օրը

Մել Բին ու նրա ազգությամբ հայ ընտրյալը նշել են Սուրբ Վալենտինի օրը Հայաստանի խորհրդանիշերի պատկերով սվիտերներ հագած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Բրիտանացի երգչուհի, կոմպոզիտոր, հաղորդավար և 90-ականների կուռք Մել Բին, որը ոճաբան Գարի Մադաթյանի ընտրյալն է, Արարատ լեռը պատկերող սվիտեր է հագել: Գարին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որը սիրահարներն արել են միասին զբոսնելու ժամանակ և այն մակագրել է՝ «Երջանկությունն է կարևորը»։ Լուսանկարում Գարիի հագին Գառնու տաճարի պատկերով սվիտեր է։ Դատելով լուսանկարի տակ գրված մեկնաբանություններից՝ այդ «հայկական» նվերը սիրահարներին արել էր դիզայներ Վահան Խաչատրյանը։

 

«Այս հրաշալի սվիտերների համար շնորհակալություն եմ հայտնում Վահան Խաչատրյանին», — գրել է Մադաթյանը՝ ավելացնելով նաև #masissar #garnigeghard հեշթեգերը։

Զույգը նկարում երջանիկ տեսք ունի, իսկ նրանց երկրպագուները, ինչպես հավաստիացնում են իրենց մեկնաբանություններում, շատ են հավանել յուրօրինակ նվերները և բազմաթիվ հաճոյախոսություններ են արել զույգի հասցեին։ Շատերն անգամ նման սվիտերներ ունենալու ցանկություն են հայտնել։