ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր մշակույթի նախարարության առաջարկով ևս 8 կետով ավելացրեց Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների՝ 2010 թվականի մարտի 11-ին հաստատված ցանկը: Դրանում տեղ կգտնեն հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները, մրգերի տարբեր տեսակներից հայկական օղիների պատրաստման գործընթացը, հայկական մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը, ավանդական գորգագործությունը:
Ի դեպ, նախագծի մեկնաբանություններում նշվում է, որ գորգը Հայաստանում գործում են փայտե դազգահի վրա բրդյա, բամբակյա կամ մետաքսե թելերով: Իսկ դազգահի պատկերը հայտնի է դեռ 14-րդ դարի վիմագիր աղբյուրներից: Ցանկում տեղ են գտել նաև հայկական թառն ու թառագործությունը, ինչպես նաև գինեգործությունը:
Հայկական գինու պատրաստման յուրահատուկ եղանակը ներկայացված է հետևյալ կերպ. «Ավանդաբար գինի պատրաստում էին այգիներում կամ բնակելի համալիրին կից գտնվող հնձաններում: Խաղողը լցնում էին հնձանի վերին հատվածի` առագաստի մեջ, որտեղ տղամարդիկ այն ոտքերով տրորում էին (երեխաներին կնքելիս տղաների ոտքերին էին մեռոն քսում, որ գինի տրորեն, և աղջիկների ձեռքերին, որ խմոր հունցեն): Քաղցուն հոսում էր առագաստի մոտ պատրաստված կավակերտ հորի մեջ, որը կոչվում է գուբ, այնտեղ նստվածք տալիս, մասամբ զտվում, ապա հոսում գետնափոր կրապատ հորերի (տաքար) կամ կարասների մեջ: Քաղցուն այդ տարաների մեջ աստիճանաբար հասունանում էր, վերածվում քաղցրավուն մաճառի, այնուհետև՝ քառասուն օրվա ընթացքում դառնում գինի: Հասունացած գինին պահպանում էին մառաններում»:
Հայաստանյան ոչ նյութական մշակութային արժեքների շարքում այսուհետ իրենց պատվավոր տեղը կունենան նաև հայկական ազգային պարի տեսակը՝ թամզարան և ազգային մեղեդու տեսակը՝ սահարին, որը ծագել է որպես ծիսական մեղեդի: Հնում այն կատարվել է պտղաբերությանը, մարդու և բնության շարունակականությանը նվիրված ծիսական արարողությունների ժամանակ:
Սահարու փոխակերպումները պահպանվել են նաև մեր օրերում: Այն կատարվել և մինչ օրս էլ կատարվում է հիմնականում ավանդական զուռնայով, դուդուկով և քամանչայով: Սահարի կատարելու համար պահանջում է կատարողական հատուկ վարպետություն, որի շնորհիվ 19-20-րդ դդ. հաճախ կատարվել է նաև վարպետություն ցուցադրող մրցույթների ընթացքում: Ազգային մշակույթի այս բոլոր տեսակները, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, Հայաստանն առաջիկայում պատրաստվում է ներկայացնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճանաչմանը: