Կարեն Կարապետյան. «Ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում»

Հայաստանը հետ է էլեկտրոնային կառավարման ոլորտում, իսկ շրջակա միջավայրի խնդիրները ֆիքսվում են ու չեն լուծվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Շրջակա միջավայրի պարբերաբար անցկացվող մոնիթորինգը չի պարունակում արձանագրված խնդիրների լուծման վերլուծություններ: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով շրջակա միջավայրի մոնիթորինգին:

Տաք ձմեռ. որքա՞ն պանիր և միս կարելի է գնել Հայաստանում` տնտեսելով գազի ծախսը

«Ունենք համայնքներ, որտեղ բնապահպանության նախարարությունն ամեն տարի նույն տվյալներն է արձանագրում, բայց այդ նյութից հասկանալի չէ, թե համայնքապետը ինչ պիտի անի, հասկանալի չէ՝ պատճառը որտեղ է: Այսինքն՝ մենք ֆիքսում ենք, բայց ոչ մի բան չենք անում, հաջորդ տարին գալիս է, նորից ֆիքսում ենք»,- բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին դիտողություն արեց վարչապետը:

Նա հանձնարարեց մեկ ամսում ապահովել արձանագրված խնդիրների լուծման առաջարկներ, իսկ տարածքային կառավարման նախարարն էլ պետք է խնդիրների լուծումը փնտրի համայնքներում։

Վարչապետին չի գոհացրել նաև Բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի աշխատանքը։

«Բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի արդյունավետությունը, չնայած նախկինում ձեռնարկած միջոցներին, անբավարար է: Նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնները, պարզ և կանխատեսելի չէ հաշմանդամության տրամադրման կարգը, լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման կարգը»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ կառավարության անդամներին հանձնարարելով ներկայացնել ոլորտի կարգավորման և ոլորտի էլեկտրոնայնացման առաջարկություններ:

Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. սահմանադրությունը պետք է լիարժեք գործի

Նոր նախագիծը, վարչապետի համոզմամբ, մեծապես փոխելու է ոլորտում մատուցվող ծառայությունները:

Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվեց ստանձնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային վարկանիշներում Հայաստանի ցուցանիշների մշտադիտարկան և դրանց բարելավմանն ուղղված գործառույթները:

Ազգային վիճակագրական ծառայության պետն էլ վարչապետի հանձնարարությամբ մեկ ամսում պետք է իրականացնի իր ոլորտի էլեկտրոնային բազայի ստեղծման գործառույթներ և «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ ՀՀ կառավարությանը ներկայացնի առաջարկություն՝ էլեկտրոնային վիճակագրության ստեղծման վերաբերյալ:

«Այս վարկանիշով մենք անտրամաբանական հետ ենք։ Ոչ թե մեր վիճակն է վատ, այլ որովհետև անհրաժեշտ ինֆորմացիան ռեգուլյար չենք ներկայացրել»,- ասաց վարչապետը։

Նա ավելացրեց, որ բացի շտկումից, նաև պետք է պարզվի, թե ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար, ով է թերացել իր աշխատանքում: