Հայերը կուլ են տալիս ֆեյքերի խայծը. տունը Լոռիում չէ, խիզախ զինվորն էլ մերը չէ

Համացանցում պարբերաբար հայտնվում են գեղեցիկ լուսանկարներ, որոնց կից գրված են լինում «հայ» արմատով բառեր` «հայկական ճանապարհներ», «հին հայկական տուն», «հայ զինվորը ձյան մեջ» և այլն։ Իսկ հետագայում պարզվում է, որ դրանք ֆեյքեր են։
Sputnik

700 տարվա տունը Լոռիում, ձյան մեջ մրսող հայ զինվորը, Դիլիջանի գեղեցիկ ճանապարհներն ու Երևանի կենտրոնում քնած թուրքերը համացանցում պարբերաբար հայտնվող և հայկական ինտերնետ տիրույթից օգտվողներին մոլորության մեջ գցող կեղծ լուսանկարների ընդամենը մի մասն են կազմում։

Մեր երկրում չափազանց շատ են դյուրահավատ օգտատերերը, որոնք անմիջապես հիանում են այդ լուսանկարներով, տարածում դրանք և միայն հետո հետաքրքրվում, թե որքանով է ճշգրիտ լուսանկարին կից գրված տեղեկությունը։ Հասկանալով, որ իրենց` միամիտներին, պարզ ասած, հիմարի տեղ են դրել, սկսում են փնովել անբարեխիղճ աղբյուրներին։ Բայց չէ՞ որ բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում լուսանկարն անձամբ ստուգելն այդքան էլ դժվար գործ չէ։

Кандован - деревня в скалав в Иране

Հինավուրց տուն Լոռիում, բայց… Իրանում

Facebook սոցցանցի տիրույթում վերջերս մի լուսանկար էր «թափառում», որում իբր Լոռու մարզում գտնվող 700 տարեկան տուն էր պատկերված։ Հայրենասիրական տարբեր խմբերն իրար հետևից սկսեցին տարածել այդ լուսանկարը, բայց շատ ժամանակ չանցած պարզվեց, որ լուսանկարում ամենևին էլ Լոռին չի պատկերված։

Ակտիվ օգտատերերը որոշեցին ստուգել լուսանկարն ու հասկացան, որ ժայռերում ծվարած տունը գտնվում է Իրանի տարածքում` Կանդովան գյուղում, որտեղ շատ են նման տները։ Պետք է նշել, որ լուսանկարը տարածողներից ոմանք այդպես էլ չուղղեցին սխալը, և նրանք շարունակում են բաժանորդներին գրավել «հին հայկական տնով»։

«Դիլիջանի ճանապարհների» բացահայտումը

Հավանաբար ձեզանից շատերը տեսել են հայտնի Դիլիջանի ոլորանները հիշեցնող գեղատեսիլ ճանապարհները, որոնք շրջապատված են աշնանային խայտաբղետ ծառերով։

Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի։ Օգտատերերը մեկը մյուսի հետևից վերբեռնում էին «Դիլիջանի գեղատեսիլ ճանապարհները»` հրապարակում սոցցանցերի իրենց էջերում կամ համակարգչի ու բջջային սարքի աշխատանքային սեղանի ֆոն դարձնում։

Սակայն երջանկությունը երկար չտևեց։ Պարզվեց, որ #Dilijan #ԳեղատեսիլԴիլիջանը (նման հեշթեգերով էին հրապարակվում) ոչ այլ ինչ է, քան… Ճապոնիայի ճանապարհներ։ Լուսանկարի վրա պատկերված է ծագող արևի երկրի փոքրիկ Նիկկո քաղաքն ու Օկու-Նիկկո շրջանը միացնող ճանապարհը։

Дорога, соединяющая город Никко и регион Оку-Никко

Կեցցե զինվորը, բայց մերը չէ

Համացանցում կայծակնային արագությամբ տարածվել էր նաև Օմար լեռան վրա ուժեղ սառնամանիքի (-25) պայմաններում նկարված «հայ զինվորի» լուսանկարը։

Որոշ խմբեր և էջեր սկսեցին կոչ անել օգնել զինվորներին, նրանց համար տաք հագուստ հավաքել։

Սակայն, ինչպես ավելի ուշ պատմեցին օդերևութաբանները, այդ լեռան վրա նախ նման սառնամանիքներ չեն լինում, և հետո այդ լուսանկարը որևէ կապ չունի հայկական բանակի հետ։ Ռուս զինվորականների լուսանկարներ էին, որոնք արվել էին 2010 թվականին։

Тренировки российского спецназа на выживание.

Թուրքերը քնած են Երևանի կենտրոնում

Արդեն որերորդ տարին է` համացանցի հայկական տիրույթում պտտվում է մի լուսանկար, որում իբր «թուրքեր» են պատկերված, և որոնք իբր Երևանի կենտրոնում վրաններ են տեղադրել։ Հայերն անմիջապես զայրացան, թե ինչ իրավունք ունեն նրանք քնել քաղաքի կենտրոնում ծածկոցների վրա, բացի այդ թուրքական դրոշի պատկերով տոպրակ փռել իրենց կողքին։

Թվում էր, թե այստեղ տեղին կլիներ «լրիվ վախները կորցրել են» արտահայտությունը, բայց ավելի ուշ պարզվեց, որ բարեկամ Իրանի քաղաքացիներ են։ Տոպրակն իսկապես թուրքական դրոշի պատկերով էր, բայց ավտոմեքենայի պետհամարանիշն իրանական էր։

Իրականում այդքան էլ դժվար չէ պարզել, թե ինչ լուսանկարներ են մեզ հրամցնում։ Ընդամենը պետք է որոնողական համակարգի միջոցով գտնել անհրաժեշտ պատկերը, այլապես նման ֆեյքերը կշարունակեն տարածվել։

Иранцы на красных линиях в Ереване, которых выдавали в соцсетях за турок