Կառավարությունը մերժեց գնաճը կանխելու առաջարկը

ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում մերժեց հունվարի 1-ից հետո բարձրացած գները նախկին մակարդակին վերադարձնելու ընդդիմության նախագիծը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Այսօր` փետրվարի 15-ին, ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարել՝ բենզինի, դիզելային վառելիքի և սեղմած բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափերը վերադարձնելով մինչև 2018թ-ի հունվարի 1-ը գործող դրույքաչափերի մակարդակին։

Ո՞վ է գնապիտակներ նկարում Հայաստանում. անատամ ընդդիմությունն ու մազոտ կարդինալը

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, նիստի ընթացքում ներկայացնելով կառավարության տեսակետը, նշեց, որ առաջարկվող փոփոխությունները կբերեն բացասական զարգացումների` նվազեցնելով բյուջեի մուտքերը:

«Եթե ունենք երկընտրանք` արտադրությունը հարկել, թե սպառումը, շատ ավելի նպատակահարմար է գնալ սպառման հարկմանը, քանի որ այլ տարբերակով տնտեսական աճ հնարավոր չէ ապահովել»,- ասաց նա:

ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ վաղը` փետրվարի 16-ին, նախանշված է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդդիմադիր խմբակցության ներկայացրած այս նույն օրինագծի փոփոխությունների առաջարկն է։