Դավթաշենի կամրջից նետված կինը չի կարողացել պահել դստերը

Sputnik Արմենիան որոշ մանրամասներ է պարզել այսօր Դավթաշենի կամրջից նետված մոր և դստեր մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Ո՛չ ոստիկանությունում, ո՛չ Քննչական կոմիտեում առայժմ չեն հայտնում, թե ովքեր են Դավթաշենի կամրջից նետված մայրն ու աղջիկը։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկաններն ու քննիչներն այս պահին աշխատում են դեպքի վայրում` դեպքի հանգամանքներն ու զոհերի ինքնությունը ճշտելու համար։

Սարսափելի դեպք. մայրն ու 9 տարեկան դուստրը նետվել են Դավթաշենի կամրջից

«Մենք այս պահին անգամ չգիտենք, թե ում մասին ենք խոսում»,- մեր հարցերին ի պատասխան ասաց վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, սակայն, որ նախնական տվյալներով 2 օր առաջ ոստիկանությունը նրանց հարազատներից ահազանգ է ստացել կնոջ և դստեր անհայտ կորելու մասին։

Թե երբ է տեղի ունեցել դեպքը` այսօր, թե 2 օր առաջ, առայժմ չի հստակեցվում, նշվում է միայն, որ դիակները հայտնաբերվել են այսօր` ժամը 14:30-ին։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կամրջից դստեր հետ նետված երիտասարդ կինն ամուսնալուծված էր, միայնակ էր հոգում իր և դստեր հոգսը և չէր կարողանում պահել աղջկան։

ՀՀ ԱԻՆ-ը տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում, հայտնաբերվել են 1981 թ. ծնված Գ. և 2009 թ. ծնված Ա. Հ.-երի դիերը: