Առանց դահուկների Փհենչհան մեկնած հայ դահուկորդի մարզագույքի հարցը լուծվեց

Աշոտ Կարապետյանի դահուկները մոսկվայից տեղափոխվել են Հարավային Կորեա, որտեղ անցկացվում են ձմեռային օլիմպիական խաղերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում անցկացվող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը ստացել է նոր դահուկներ եւ մարզումային կոշիկներ։ Այդ մասին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

«Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ եւ կոշիկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից: Հատուկ շնորհակալություն եղբորս Մոսկվայից տեղափոխումն ապահովելու համար, ինչպես նաև Fischer and Fischer Russia ընկերությանը աջակցության համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սարգսյանը։

Աշոտ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ դահուկային սպորտի ֆեդերացիան օլիմպիական խաղերից առաջ պատվիրել է և՛ դահուկներ, և՛ համապատասխան մարզակոշիկներ: Բայց Փհենչհան ժամանելուց հետո պարզվել է, որ պատվերը ստացած կազմակերպությունը չի կարող գույքը հասցնել Կորեա: Ստեղծված իրավիճակում Հայաստանի օլիմպիական կոմիտեն հարցին լուծում տալու համար գնել է մարզագույքը Մոսկվայից։

Կարապետյանը Փհենչհան-2018-ում հանդես կգա հսկա ոլորավայրէջքում (փետրվարի 18) և հատուկ ոլորավայրէջքում (փետրվարի 22):