Պաշտոնից զրկված հետախույզը` դիվանագետ. Կարապետյանը Ռուսաստանի ռազմական կցորդ դարձավ

2016թ–ի ապրիլին պաշտոնից հեռացված ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կրկին վերադարձել է զինված ուժեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդ է նշանակվել։ «Ժողովուրդ» օրաթերթի տարածած տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՊՆ-ում։

Այս նշանակումը այդպես էլ պաշտպանական գերատեսչության կադրային որոշումների շարքում սովորական իրադարձություն կմնար, եթե չլիներ մի հանգամանք։ Բանն այն է, որ Կարապետյանը հեռացվել էր պաշտոնից 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» գրեթե անմիջապես հետո։ Կարապետյանից բացի, այն ժամանակ իրենց պաշտոններից զրկվեցին ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը, Զինված ուժերի կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը և մի շարք այլ զինվորականներ:

Аршак Карапетян. Кадр из программы ОАТ "Интервью"

Այն ժամանակ աղմկահարույց պաշտոնանկությունների վերաբերյալ պաշտոնական բացատրություններ չեղան։ Սակայն հասարակական-քաղաքական շրջանակներում համոզված էին, որ նրանց հեռացրել են աշխատանքի և պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով։ Մասնավորապես, Արշակ Կարապետյանին նախատում էին այն բանի համար, որ իր ղեկավարած կառույցը ժամանակին չի կարողացել տեղեկացնել Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման մասին։ Սակայն բոլոր այս պնդումներն այդպես էլ մնացին ասեկոսեների մակարդակում։

Եվ ահա մոտ 2 տարի անց «մեղավոր» Կարապետյանը նոր պաշտոն է ստանում, ընդ որում` բավականին լուրջ` հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը։ Ըստ էության, եթե Կարապետյանը իսկապես 2016 թվականին սխալվել է աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ, ապա ներկայիս նշանակումը որևէ խելամիտ տրամաբանության չի ենթարկվում և նոր հարցեր է ծնում։ Իսկ եթե գեներալը «մաքուր» է, այդ դեպքում ինչու նրան այն ժամանակ հեռացրին աշխատանքից։ Որպեսզի թուլացնե՞ն լարված իրավիճակը, հանգստացնեն հասարակությա՞նը, որն իշխանությանը մեղադրում էր բանակն արդիական սպառազինությամբ և ռազմատեխնիկայով զինելու անկարողության մեջ։

Նույն հարցերն են մտահոգում նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանին։

«Ապրիլյան պատերազմից հետո մի շարք հարցեր այդպես էլ անպատասխան մնացին։ Մասնավորապես, ինչո՞ւ հանեցին Կարապետյանին և մի շարք այլ պաշտոնյաների, ի՞նչ էր արել նա։ Արդյո՞ք աշխատանքային հետաքննություն անցկացվել էր։ Ոչ ոք չգիտի, քանի որ այդ ամբողջ գործընթացն ի սկզբանե թափանցիկ չի եղել», — Sputnik Արմենիային ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` այս պարագայում, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են տվել պաշտոնից հեռացված գեներալին, ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ամբողջությամբ պարզաբանի իրավիճակը. այս կամ այն բարձրաստիճան զինվորականի նշանակումն ու ազատումը պետք է բացատրություն ունենա։

Իսկ հնարավո՞ր է, որ երկրի իշխանությունները չեն ցանկանում բացատրել իրենց կադրային որոշումները, որպեսզի պաշտոնանկ արվածներին հետագայում վերադարձնելու «տեղ թողնեն» ։ Քոչարյանն այս հարցին միանշանակ պատասխան չունի։ Ավելին, նա կարծում է, որ կադրային որոշումները պետք է հասկանալի լինեն, առաջին հերթին, հենց նույն զինվորականների համար։